Հասարակական

Արագածոտնի մարզը սեփական եկամուտների հավաքագրման գործում առաջանցիկ տեմպեր է արձանագրում

2 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզը սեփական եկամուտների հավաքագրման գործում առաջանցիկ տեմպեր է արձանագրում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի համար 2019 թվականը հեղափոխական հաջողություններով տարի է եղել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ շոշափելի արդյունք են գրանցել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում:

«Տարիներ շարունակ Արագածոտնի մարզը հարկերի հավաքագրման ցուցանիշով հանրապետության մարզերի ցանկում վերջին հորիզոնականներում է եղել: 2018 թվականին սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է ընդամենը 88.3 տոկոսով: Այսինքն՝ 172 մլն դրամ պակաս է հավաքվել: 2019 թվականին այս ուղղությամբ մենք ունեցել ենք աննախադեպ ցուցանիշ: Սեփական եկամուտների աճով մարզը հանրապետությունում առաջինն է դարձել՝ արձանագրելով շուրջ 12.5 տոկոս աճ: Հավաքագրման հետ կապված պլանը գերակատարել ենք, աճը կազմել է 5.4 տոկոս: Մենք ոչ միայն փակել ենք 2018 թվականի դեֆիցիտը, մի բան էլ աճ ենք արձանագրել»,-ասաց մարզպետը:

Դավիթ Գևորգյանը նկատեց, որ հարկերի հավաքագրման գործընթացն ուղիղ ձևով ազդում է սուբվենցիոն ծրագրերի վրա: Այստեղ նույնպես ակտիվություն է նկատվում: Եթե 2018 թվականին սուբվենցիոն ծրագրերին մասնակցել է 17 համայնք, 2019 թվականին 32 համայնք, ապա 2020-ին 41 համայնք արդեն հայտ է ներկայացրել: Այս տարի ներկայացվել է 105 ծրագիր, ինչը 2018-ի համեմատ կրկնակի աճել է: Ընդհանուր առմամբ սուբվենցիոն ծրագրերով մարզում 3.9 մլրդ դրամի աշխատանքներ են իրականացվելու: Դրանք կապված են ճանապարհների վերանորոգման, մանկապարտեզների կառուցման, փողոցների լուսավորության և այլ հարցերի հետ:

2019 թվականը Արագածոտնի մարզի համար առանձնացել է նաև 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարանների ապահովման գործընթացով: Պետության կողմից պարտավորությունների հետ կապված մարզում բնակվում է 30 ընտանիք, որոնցից 15-ն անցած տարի ստացել է բնակարանի գնման վկայագիր: Մնացած 15-ից 7-ն այս տարի կստանա նման վկայագրեր: Եվս 8 ընտանիքի կտրամադրվի ֆինանսական օգնություն: Կստացվի, որ պետությունն այս առումով պարտավորությունն ամբողջությամբ կկատարի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում