Հնարավոր չէ, որ Լեռնային Ղարաբաղը զիջի իր անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյան 

3 րոպեի ընթերցում

ՄՅՈՒՆԽԵՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ստատուս քվոյի ձևավորման պատճառը։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական գործողություններ սկսվեցին, երբ Լեռնային Ղարաբաղը փորձեց օգտվել ինքնորոշման իր իրավունքից։ «Ադրբեջանի նախագահը խոսում է տարածքների մասին, Ադրբեջանի կարծիքով դրանք տարածքներ են, բայց Ղարաբաղի տեսակետից դա անվտանգություն է, որովհետև մեզ պետք է հասկանալ՝ ինչու է ձևավորվել այսօրվա ստատուս քվոն․ երբ Լեռնային Ղարաբաղը փորձեց ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, նրանք հարկադրված եղան ինքնապաշտպանություն կազմակերպել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ տարիներ շարունակ Շուշիից ռմբակոծվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, խաղաղ քաղաքացիները երկար ժամանակ ապրում էին ստորգետնյա կացարաններում։ «Դա է ճշմարտությունը, հնարավոր չէ, որ անվտանգությունը որևէ մեկը զիջի, Ղարաբաղի պարագայում էլ դա անհնար է»,- մանրամասնեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ իր որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում, բայց այդ քայլին նա գնացել է կամավոր․ «Նա գնաց պաշտպանելու իր հայրենակիցներին, քանի որ գիտի պատմությունը, գիտի, թե ինչ է եղել՝ սկսած 1988 թվականից։ Ես արդեն ասացի Շահումյանի շրջանի մասին, որտեղ բնակչությունը 100 տոկոսով հայկական էր, հիմա մեկ հայ այնտեղ չի ապրում, մենք նաև գիտենք Նախիջևանի դեպքը, որտեղ ահռելի հայկական բնակչություն կար։ Նախիջևանն էլ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն է, և հիմա մեկ հայ այնտեղ չկա»,- նշեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը բանակցությունների և հակամարտության կողմ չէ։ «Ադրբեջանը երկու անգամ համաձայնագրեր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ․ առաջին անգամ 1994 թվականին, և դա հրադադարի համաձայնագիրն էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղթը։ Դրանից երեք ամիս անց վերահաստատել են, որ հրադադարը պահպանվելու է այնքան, մինչև կոնֆլիկտը ստանա քաղաքական լուծում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նկատեց, որ Դուշանբեում իր և Ադրբեջանի նախագահի առաջին հանդիպումից հետո լարվածությունն ընդհանուր առմամբ աննախադեպ անկում է ապրել, կարողացել են ուղիղ կապ ստեղծել շփման և տեղեկատվության փոխանակման համար։

Հայերեն Русский

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը