Հասարակական

 «Ներման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը

2 րոպեի ընթերցում

 «Ներման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հավանություն էր ստացել կառավարության նոյեմբերի 21-ի նիստում, որի ընթացքում նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնականում առկա որոշ խնդիրներ կարգավորելու, օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, մասնավորապես այդ դեպքերը կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատման դեպքերում, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել»,- այն ժամանակ նշել էր Բադասյանը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառումը, վերացնել օրենսդրական բացերը, ապահովել որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանությունը:

«Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասի կեսը»,- նշված է օրենքի նախագծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում