ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում ընտրությունների շեմին Ադրբեջանը տեղեկատվական հարձակումներ է իրականացնելու հայկական կողմի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նման կանխատեսում արեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Առաջին հերթին փետրվարի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանը ներկայացնելու է, թե ինչպիսին են իրենց ընտրությունները եղել, հետո ժամանակը նրանք օգտագործելու են տեղեկատվական բոլոր գործիքներով Արցախի ընտրություններին և քաղաքական գործընթացներին ներազդելու համար: Պետք է կարողանանք այդ շրջանում տեղեկատվական դիմադրողականություն ցուցաբերել ու թույլ չտալ պառակտում»,- ասաց Պողոսյանը:
Ըստ նախկին պատգամավորի` փետրվարի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարելու:
Նա նշեց, որ եթե սահմանին չեն կրակում, դա չի նշանակում, որ պատերազմը վերջացել է. ժամանակները փոխվել են և հակառակորդը կարող է օգտագործել տեղեկատվական գործիքները, և դրա միջոցով փորձել վախեցնել հասարակությանը: «Մենք պետք մեր զգոնությունը չկորցնենք ու պետք է նպատակներ դնենք մեր առջև»,-եզրափակեց Պողոսյանը:
2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կկայանան նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները: