«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

«Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը եւ ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն եւ ուժի մեջ մտնեն մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը»,- նշված է նախագծում:

Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ ՍԴ ներսում եւ դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական որակների համար:

«ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների եւ 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում:

ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաեւ ՍԴ-ն ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ.

ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015թ.-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների եւ մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջեւ էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները մինչեւ 65 տարեկանը լրանալը: Այլ խոսքով, ավելի պատկերավոր իրավիճակը ներկայացնելու համար, օրինակ ՍԴ մի անդամը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996թ.-ից մինչեւ 2029թ.-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով:

Սույն փոփոխության նպատակը ՀՀ Սահմանադրական դատարանի (այսուհետ ՍԴ) կազմի սահմանադրականության եւ դրա նկատմամբ հանրության եւ իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը եւ 2015թ.-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության (այսուհետ Սահմանադրություն) 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձեւավորումն է:

Հաջորդ խնդիրը ՍԴ դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտն է, որում ՍԴ-ն ունի ուղղակի պատասխանատվության իր բաժինը՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունքի եւ ժողովրդի կողմից իր իշխանությունն ընտրելու երաշխիքների շարունակական անտեսման պատճառով հօգուտ օրվա իշխանության: Սա կործանարար ազդեցություն է ունեցել քաղաքացիների եւ հանրային իշխանության մարմինների կողմից ՍԴ նկատմամբ ունեցած վստահությունը կորցնելու հարցում, ինչն անթույլատրելի վիճակ է սահմանադրական արդարադատության մարմնի համար: Իրողություն է, որ ՍԴ-ն այս պահին իր անդամների կազմով ամենացածր հեղինակություն վայելող հանրային իշխանության մարմիններից է եւ այդ հեղինակության վերականգնումն անհնար է նույն կազմի պահպանման դեպքում:

7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը, որպես վերջին 20 տարիների ընթացքում ազատ ընտրության իրավունքի բոլոր երաշխիքների եւ Սահմանադրության 2-րդ հոդվածի անշեղորեն պահպանմամբ ձեւավորված ժողովրդավարական առաջնային մանդատով օժտված բարձրագույն մարմին, որն ունի Սահմանադրության փոփոխություն կատարելու լիազորություն, այսպիսով նպատակ ունի վերջնական եւ հիմնարար լուծում տալ ՍԴ-ի 2015թ.-ի Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով ձեւավորման խնդրին»,- նշված է հիմնավորման մեջ:

Հայերեն English Русский

Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել