Հասարակական

COBRAIN-ը ռազմավարական ծրագիր է Հայաստանի համար. Ավինյան

3 րոպեի ընթերցում

COBRAIN-ը ռազմավարական ծրագիր է Հայաստանի համար. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման. COBRAIN ծրագիրը թույլ կտա ապահովել ավելի սերտ համագործակցություն եվրոպական համալսարանների և գիտական կենտրոնների հետ և լավագույն միջազգային փորձը բերել Հայաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COBRAIN ծրագրի մեկնարկային հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնն ասել է, որ գիտելիքը ուժ է, և այս առանցքային միտքը պետք է ուղղորդող կողմնացույցի դեր խաղա դեպի ապագան նայող և հաջողության ճանապարհով ընթացող յուրաքանչյուր երկրի համար: Մեր օրերում դա ավելի քան ակտուալ է։ Կարևոր է, որպեսզի մենք լավագույնս օգտագործենք Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրի հնարավորությունները: Մեզ համար կարևոր է նաև համալսարանների, որպես գիտահետազոտական և կրթական գերազանցության կենտրոնների զարգացման ճանապարհը: Վստահ եմ, որ COBRAIN-ը ծառայելու է հենց այս նպատակին՝ նպաստելով ոչ միայն նեյրոգիտությանը, այլև Երևանի պետական բժշկական համալսարանի հետազոտական հմտությունների և կարողությունների զարգացմանը»,- ասաց Ավինյանը:

Նրա խոսքով՝ COBRAIN ծրագիրը թույլ կտա ապահովել ավելի սերտ համագործակցություն եվրոպական առաջատար համալսարանների և գիտական կենտրոնների հետ և միջազգային հարուստ փորձը բերել Հայաստան։

«ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը որակյալ մարդկային կապիտալ ունենալն է, ինչը նախապայման է ներառական տնտեսական զարգացման համար: Հուսով եմ, որ շնորհիվ COBRAIN ծրագրի իրականացման հայ բժիշկները, որ աշխատում են արտասահմանում, ցանկություն կհայտնեն վերադառնալ հայրենիք և զարգացնել բժշկությունը Հայաստանում։ Ուղեղի հիվանդությունների 90 տոկոսն այսօր անբուժելի է, և դա մարտահրավեր է դարձել ողջ աշխարհի, այդ թվում Հայաստանի համար, ուստի այս ծրագիրը, որն ուղղված է նեյրովիրաբուժության զարգացմանը, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի»,- շեշտեց ՀՀ փոխվարչապետը։

2019 թվականին Հայաստանն առաջին անգամ ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող՝ ներկայացված լինելով Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում