Հասարակական

Կառուցվում է Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը

2 րոպեի ընթերցում

Կառուցվում է Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս քաղաքի բնակիչ, բարերար Վարդան Բուդոյանի միջոցներով վերականգնման վերջին փուլին է հասել Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որն ավելի քան 100 տարի եղել է կիսակառույց վիճակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմից, 2020 թվականին նախատեսվում է զանգակատան օծման արարողությունը:

‹‹Զանգակատան կառուցումն ինձ համար ինքնանպատակ չի եղել: Այն մեծ պատիվ է ինձ համար, եւ այս քայլով ես իմ նվերը մատուցեցի Վարդենիսի եկեղեցուն եւ վարդենիսցուն: Հույս ունեմ, որ կառուցված զանգակատունը մեր եկեղեցու հետ կդառնա համախմբող եւ օրհնություն պարգեւող տուն››,- նշեց բարերար Վարդան Բուդոյանը:

‹‹Զանգակատան վերականգնմամբ առաջին հերթին ամբողջացվեց Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետական տեսքը, ինչի համար մեր շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել բարերար Վարդան Բուդոյանին: 2020-ին, երբ զանգակատան օծման արարողությունն արդեն կատարված կլինի, մենք զանգերի միջոցով մարդկանց եկեղեցի կհրավիրենք, զանգերի ձայնը լսելով՝ մարդիկ կիմանան, որ եկեղեցական արարողակարգ կա: Այսպիսով, մենք Վարդենիսում կկարողանանք հայ եկեղեցական մշակույթի ողջ սիմվոլիկան ամբողջացնել››,- նշեց Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը:

Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1902-1912 թվականներին:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում