Բաքվի ջարդերը և Արցախի հայության էքզիստենցիալ անվտանգության պահպանվող խնդիրը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 13-ին լրացավ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը: Երեք տասնամյակ առաջ՝ 1990թ.-ին Բաքվի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությունների, որի արդյունքում քաղաքի շուրջ 250 հազար հայ բնակչությունն ունեզրկվեց և տեղահանվեց, սպանվեց մի քանի հարյուր հայ, իսկ հազարավոր քաղաքացիներ համարվում են անհայտ կորած:

Սումգայիթում, Կիրովաբադում հայերի կոտորածներից հետո, Բաքվի հայության շրջանում թեև առկա էր անհանգստություն, սակայն քչերը կարող էին պատկերացնել, որ ադրբեջանական կողմը երկրի մայրաքաղաքում կգնա նման բացահայտ և կազմակերպված ոճրագործության: Այն, որ Բաքվի ջարդերը կազմակերպված էին բավական մանրակրկտորեն, այսօր գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ականատեսների և լրագրողների բազմաթիվ վկայությունները, ջարդարարների մոտ Բաքվի հայերի անձնական տվյալներով ցուցակների առկայության մասին, փաստում են, որ Բաքվի հայաթափման գործողությունը եղել է ուղղորդված և հստակ ծրագրված՝ պետական տարբեր ծառայությունների ներգրավմամբ:

Ոճրագործության մասշտաբները և անմարդկային դրսևորումներն անտարբեր չթողեցին նաև միջազգային հանրությանը: Եվրոպական խորհրդարանը, միջազգային հեղինակավոր պարբերականներն անդրադարձան Բաքվի հայության ջարդերին, սակայն այդ արձագանքը բավարար չէր Ադրբեջանին զսպելու համար:

Եվ ինչպես և կարելի էր կանխատեսել, Ադրբեջանի ռասիստական և հակահայկական այս գործելաոճը շարունակվեց՝ նոր դրսևորումներ ստանալով 1991թ. Գետաշենում ու Մարտունաշենում, 1992թ. Մարաղայում: Ադրբեջանը հայաթափելուց և 1994թ. հրադադարի համաձայնագրից հետո ևս ադրբեջանական իշխանությունները չհրաժարվեցին հայատյացությունից՝ այն դարձնելով ազգային կոնսոլիդացիայի հիմք և պաշտոնական քարոզչության առանցք: Տարիներ շարունակ քարոզվող հայատյացության հետևանք էին թերևս 2004թ. Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով, 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայ զինծառայողների գլխատումների դեպքերը, Թալիշում անօգնական տարեցների խոշտանգումները և սպանությունը, տարբեր տարիներին շփոթմունքի արդյունքում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների խոշտանգումների և սպանությունների դեպքերը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այս ոճրագործությունների հեղինակները շատ հաճախ ադրբեջանական իշխանությունների կողմից հերոսացվում էին՝ արժանանալով պետական տարբեր շնորհների:

Այս ամենը, թերևս, վկայում է, որ այն հայատյացությունը, որ տիրում էր Բաքվում 30 տարի առաջ, այսօր ոչ միայն շարունակում է պահպանվել, այլ ավելի է սաստկացել, և այսօր Ադրբեջանում, հատկապես՝ երիտասարդության շրջանում (որը չունի հայերի հետ համակեցության և շփման փորձ) ստեղծվել է թշնամու կերպար՝ ի դեմս հայերի: Այս անառողջ մթնոլորտը և Ադրբեջանում առկա ռևանշիստական տրամադրություններն, իհարկե, լրջագույն սպառնալիքներ են Արցախի հայության ֆիզիկական անվտանգության համար: Թերևս պատահական չէ, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում թե Երևանը, թե Ստեփանակերտը շեշտադրում են Արցախի բնակչության էքզիստենցիալ անվտանգության խնդիրը: Նախորդ տարվա դեկտեմբերին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը, հստակ ամրագրեց. «Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թթ․ և 2016թ.-ին»:

Հատկանշական է, նաև, որ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը աչքի ընկավ ոգեկոչման և հիշատակման մի շարք միջոցառումներով ինչպես Հայաստանում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մասնակցությամբ, այնպես էլ արտերկրում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և համայնքային կառույցների ակտիվ դերակատարմամբ:

Բաքվի ջարդերի և Ադրբեջանում հայատյացության նմանատիպ այլ դրսևորումների նկատմամբ նման մեծ ուշադրությունն առավել քան հիմնավոր է և անհրաժեշտ: Նման ոճրագործությունների բարձրաձայնումը և դրանց մասին միջազգային իրազեկվածության բարձրացումը կարևոր է հետագայում նմանատիպ ոճիրների կրկնությունը բացառելու, Արցախի բնակչության էքզիստենցիալ անվտանգության ապահովման խնդիրն ընդգծելու և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում «վերադարձ անցյալին» բանաձևը մեկընդմիշտ բացառելու համար:

Աննա Չիչյան

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA