Տնտեսություն

ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրից հետո Իրան-Հայաստան առևտուրն աճում է. Յարիջանյանի հարցազրույցը IRNA-ում

3 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրից հետո Իրան-Հայաստան առևտուրն աճում է. Յարիջանյանի հարցազրույցը IRNA-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագիրը նշանակալի ազդեցություն է ունեցել Իրանի և Հայաստանի առևտրային հարաբերությունների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «IRNA»-ին տված հարցազրույցում ասել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանը:

«Երկու կողմերը կիրառում են համաձայնագրի հիման վրա առաջարկվող սակագնային նվազեցումներ, և այս առումով որևէ խնդիր չի առաջացել»,-ասել է Յարիջանյանը:

Նրա խոսքով՝ համաձայնագրի գործարկումից հետո այս ժամանակահատվածում Իրանի՝ Հայաստանի հետ առևտրի ծավալը էականորեն տարբերվում է: Յարիջանյանը նշել է, որ հիմա իրանական արտադրանքը ավելի էժան է, քան նմանատիպ թուրքականը, ինչն Իրանին հայկական շուկայում տալիս է մրցակցային առավելություն:

Նա նշել է, որ Իրանը Հայաստանից ներկրում է հիմնականում կարմիր միս, մինչդեռ Հայաստանը Իրանից ներկրում է պոլիմերային հումք, մեքենաներ, արդյունաբերական գազ և կաշվե իրեր: Յաիջանյանի խոսքով՝ առևտրականները դեռ չեն սովորել արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի գաղափարին, նա հույս է հայտնել, որ այս գործարքի ընդլայնմամբ ավելի շատ իրանցի առևտրականներ են ներգրավվելու հայկական շուկա:

Ավելի վաղ «Tehran Times»-ը նշել էր, որ թեև ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որը նպատակ ունի իսլամական պետությունը քաղաքական և տնտեսական առումով մեկուսացնել, սակայն դա հատկապես տնտեսական սեկտորում Իրանի ու հարևանների հետ հարաբերությունների վրա չեն ազդել: Հյուսիսարևմտյան հարևան Հայաստանն այդ երկրներից մեկն է, որը պահպանում և ընդլայնում է իր տնտեսական հարաբերությունները՝ անկախ պատժամիջոցներից:

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ՝ ինչպես ավելի վաղ հայտնել էր Երևանում Իրանի առևտրի կցորդ Մոհսեն Ռահիմին, 2018-ին Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է ռեկորդային 364 մլն դոլարի:

Նախորդ տարվա հոկտեմբերի 27-ին ուժի մեջ է մտելԻրանի և ԵԱՏՄ-ի միջև դեռ 2018թ. ստորագրված՝ Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը, որի գործողությունը նախատեսված է երեք տարով: Դրանով մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքեր զրոյացվել կամ նվազեցվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում