«Գելափ»-ի հարցումների համաձայն` հայաստանցիների 72.2%-ը բավարարված է իր կյանքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն հայաստանցիների 72.2%-ը բավարարված է իր կյանքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Ասացեք խնդրեմ ընդհանուր առմամբ բավարարված եք արդյոք Ձեր կյանքով» հարցին «Լիովին բավարարված եմ» պատասխանն է տվել հարցվածների 20.7%-ը, 51.5%-ը նշել է, որ ավելի շուտ բավարարված է, իսկ 10.5%-ն էլ նշել է, որ ընդհանրապես բավարարված չէ»,- նշեց Նավասարդյանը:
Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1 517 քաղաքացի: