Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՄ-ն 5,1 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի ճանապարհային անվտանգության ապահովման համար

ԵՄ-ն 5,1 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի ճանապարհային 
անվտանգության ապահովման համար

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են Հարևանության ներդրումային հարթակի դրամաշնորհային համաձայնագիր՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս համաձայնագիրը թույլ կտա Եվրոպական հանձնաժողովին ֆինանսավորել նշված ծրագիրը մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել տարածաշրջանային փոխհաղորդակցությունը Հայաստանի տրանսպորտային ցանցի կատարելագործման‚  մասնավորապես՝ ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառումների ներդրմամբ և համապատասխան մարմինների ու շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանն աջակցելու միջոցով՝ ճանապարհային անվտանգությանն առնչվող միջազգային չափանիշներին հասնելու համար։

Այս ծրագիրը ներառում է հետևյալ գործողությունները՝ ճանապարհային անվտանգության միջոցառումներ Մ-6 միջպետական ճանապարհի վրա, ճանապարհային անվտանգության հետ կապված աշխատանքներ և ենթակառուցվածքների բարելավում Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի վրա նախանշված 9 վտանգավոր կետերում, Մ-2 Երևան-Արարատ-Կապան-Մեղրի, Մ-4 Երևան-Հրազդան-Սևան-Ազատամուտ, Մ-12 Գորիս և Մ-17 Կապան-Շիկահող-Մեղրի միջպետական ճանապարհների վրա նախանշված 15 վտանգավոր կետերում‚ ինչպես նաև՝ լրացուցիչ բացահայտված այլ վտանգավոր կետերում։

Ծրագիրը ներառում է նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մինչև 650 000 եվրոյին համարժեք գումարի չափով լրացուցիչ տեխնիկական աջակցության դրամաշնորհ և 200 000 եվրոյին համարժեք բյուջետային հատկացում՝ ԵՄ հաղորդակցության միջոցառումների, մասնավորապես` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի համատեքստում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարության իրականացման համար։

Ընդհանուր տեղեկություններ

Եվրոպական միության մասին

Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-

հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք

միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք`

պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի

անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր

սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

 

ԵՄ Հարևանության ներդրումային հարթակի մասին

Եվրոպական միության Հարևանության ներդրումային հարթակը (NIP) մոբիլիզացնում է լրացուցիչ միջոցներ՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում գործող ԵՄ գործընկեր երկրներում կապիտալ ներդրումներ պահանջող ենթակառուցվածքային ծրագրերը տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի և սոցիալական զարգացման ոլորտներում ֆինանսավորելու նպատակով։

ԵՄ ներդրումը հնարավորություն կտա ֆինանսավորել ճանապարհային անվտանգության միջոցառումները և թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը հասնել ճանապարհային անվտանգության պլանավորման և չափանիշների կատարելագործման հետ կապված նպատակին: Բարելավված տեղամասերում ճանապարհային պատահարների ակնկալվող նվազումը կկանխի ճանապարհային լուրջ պատահարները, որոնք կարող են վնասվածքային, սոցիալական և տնտեսական հետևանքներ ունենալ ազդակիր ընտանիքների համար:

Ըստ էության, ԵՄ ներդրումն աջակցելու է ոչ միայն վտանգավոր կետերի բարելավմանն ուղղված «կոշտ» և «փափուկ» միջոցառումներին, այլև դրանց հետ կապված օժանդակ միջոցառումներին և կառավարման ու ստանդարտների երկարաժամկետ բարելավումներին՝ նպատակային միջոցառումների կենսունակությանը նպաստելու համար:

 

ԵՆԲ-ի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրամիության բանկն է։ Այն ԵՄ երկարաժամկետ վարկատու կառույցն է և միակ բանկը, որը պատկանում է Եվրամիության անդամ պետություններին և ներկայացնում է նրանց շահերը։ Բանկը երկարաժամկետ ֆինանսավորում է տրամադրում կենսունակ ներդրումների համար` ԵՄ քաղաքականության նպատակներին նպաստելու համար: ԵՆԲ-ն սերտորեն համագործակցում է ԵՄ այլ կառույցների հետ` ԵՄ քաղաքականությունը կյանքի կոչելու համար:

Որպես վարկերի ծավալով ամենախոշոր բազմակողմանի վարկառու և վարկատու՝ ԵՆԲ-ն ֆինանսական միջոցներ և մասնագիտական ծառայություններ է  տրամադրում կենսունակ և կայուն ներդրումային ծրագրերի համար, որոնք նպաստում են ԵՄ քաղաքականության նպատակների իրականացմանը: ԵՆԲ-ի գործունեության ավելի քան 90%-ն ուղղված է Եվրոպային, սակայն Բանկն աջակցում է նաև ԵՄ-ի արտաքին և զարգացման քաղաքականություններին։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am