Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արցախի հանրաքվե. իրավական փաստարկները և ադրբեջանական միֆերը

Արցախի հանրաքվե. իրավական փաստարկները և ադրբեջանական միֆերը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդի ազատ կամահայտնությամբ 1991թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեի միջոցով ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Ի պատասխան ադրբեջանական կողմի անհիմն պնդումների, թե անկախության հանրաքվեն անցկացվել է մի շարք օրենսդրական ակտերի խախտմամբ՝ հարկ ենք համարում անդրադառնալ նախ հանրաքվեի իրականացման իրավական հիմք հանդիսացող 1990թ. ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքին, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության սուբյեկտի անկախացման գործընթացին և դրանից հետո ԼՂՀ վերաբերյալ ընդունված  անօրինական որոշումներին։

«ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 3-րդ հոդվածով ինքնավար հանրապետությունների ժողովուրդներն ու ինքնավար սուբյեկտները իրավունք էին ստանում ինքնուրույն կերպով որոշելու ԽՍՀՄ կամ դուրս եկող միութենական հանրապետության կազմում մնալու հարցը, ինչպես նաև սեփական պետաիրավական կարգավիճակը։ Իսկ ինչ վերաբերում է միութենական հանրապետություններում որևէ կոնկրետ տեղանքում բնակչության մեծամասնություն կազմող հավաք (կոմպակտ) բնակվող ազգային խմբերին՝ հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս՝ քվեարկության արդյունքներն այդ վայրերում պետք է հաշվարկվեին առանձին։ Օրենքով, փաստորեն, ամրագրվում էր ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը ԽՍՀՄ տարածքում էթնիկ խմբերով կոմպակտ բնակվող տարածքներում, ինչպես նաև վարչատարածքային այն միավորներում, որոնք ձևավորվել էին Կենտրոնի որոշմամբ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից այդքան շահարկվող իրավունքներ ոտնահարելու մեղադրանքներին, հարկ ենք համարում հիշեցնել, որ Արցախի բնակչության իրավունքների ոտնահարում էր 1991թ. հոկտեմբերի 26-ին ԱՀ ԳԽ «ԼՂԻՄ լուծարման մասին» օրենքը, որը հակասում է ԽՍՀՄ Սահմանադրության 86-րդ հոդվածին, որով ինքնավար մարզի վերաբերյալ օրենքն ընդունվում էր միութենական հանրապետության ԳԽ կողմից՝ ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների ներկայացմամբ: Այդ որոշմամբ չեն պահպանվել նաև ԽՍՀՄ սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի, 108-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «ԽՍՀՄ և ֆեդերացիայի սուբյեկտների միջև լիազորությունների սահմանափակման» մասին 1990թ. ապրիլի 26-ի ԽՍՀՄ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող դրույթները, որոնցով ինքնավար կազմավորումների կարգավիճակի փոփոխման վերաբերյալ յուրաքանչյուր որոշում իրավաբանական ուժ էր ստանում միայն ԽՍՀՄ գերագույն մարմինների կողմից հաստատվելու դեպքում։ Եվ ի վերջո՝ որոշումը հակասում էր նաև 1981թ. հունիսի 16-ին ընդունված Ադրբեջանի ԽՍՀ օրենքին, որով արգելվում էր ԼՂԻՄ սահմանների խախտում՝ առանց վերջինիս համաձայնության։

Բացի վերոնշյալը, Ադրբեջանի ԽՍՀ անկախացման գործընթացը իրականացվել է հայկական բնակչության իրավունքների մի շարք այլ խախտումներով.

  • ինքնավար կազմավորումներում հանրաքվեն պետք է անցկացվեր առանձին (հոդված 3), մինչդեռ հանրաքվե անցկացնելու հարցերը կարգավորող ԱՀ գերագույն մարմնի ազգային խորհրդի ընդունած որոշման մեջ ԼՂԻՄ-ը նշվում է «նախկին ԼՂԻՄ» ձևակերպմամբ՝ դիտարկվելով որպես սովորական վարչատարածքային միավոր՝ առանց հատուկ կարգավիճակի, իսկ հանրաքվեի արդյունքը որոշվելու էր ողջ հանրապետությունում անցկացված հանրաքվեի ձայների ընդհանուր հաշվարկի հիման վրա, և ոչ թե առանձին, ինչպես նախատեսում էր օրենքը,
  • հանրաքվեի դրված չէր ԽՍՀՄ կազմում մնալու կամ դուրս գալու մասին հարցը, այլ՝ Ադրբեջանի ԳԽ ընդունած «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտին բնակչության կողմ լինել-չլինելու հարցը։ Իսկ նշված սահմանադրական ակտը, բացի Ադրբեջանի անկախացման մասին հարցից, պարունակում էր մի շարք այլ դրույթներ:

Ընդ որում, Ադրբեջանի «ձեռքբերում» Սահմանադրական ակտով փաստացի ԱՀ-ն հրաժարվել է ԱԽՍՀ իրավահաջորդությունից (հոդված 3)՝ հայտարարելով այն ոչ լեգիտիմ, իսկ 1920 թ. ապրիլի 27-28-ին Խորհրդային Կարմիր բանակի մուտքն Ադրբեջան՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) բռնազավթում և բռնակցում, և ընդունել 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28 գոյություն ունեցող Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդությունը։ Իսկ այդ շրջանում ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ էլ Նախիջևանը Ադրբեջանի մաս չեն կազմել.  Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է բռնակցվել 1921թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ, իսկ Նախիջևանը՝ 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրով։

Անդրադառնալով Ադրբեջանի պնդմանը, թե ԼՂՀ անկախության հանրաքվեն անօրինական է, քանի որ չեն պահպանվել «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի երկրորդ հոդվածով սահմանված ժամկետները, հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչև ԽՍՀՄ փլուզումն անկախություն հռչակած և անկախության հանրաքվե անցկացրած գրեթե բոլոր միութենական հանրապետությունները չեն պահպանել նշված հոդվածի պահանջը, որի դեմ Կենտրոնը չի առարկել, ինչը ենթադրում է, որ ԼՂՀ-ում անցկացված անկախության հանրաքվեն նախադեպային իրավունքի իրավաբանական ուժով ևս օրինական է։

Ինչպես արդեն նշել ենք, «ԼՂԻՄ-ի լուծարման» անօրինական որոշմամբ, ինչպես նաև ԱԽՍՀ-ում հանրաքվեի անցկացման մասին որոշմամբ հանրաքվեի անցկացման մասին օրենքի դրույթների և կարգի խախտման պատճառով արդեն իսկ սահմանափակվել էին ընդհանուր հանրաքվեի շրջանակներում ԼՂԻՄ-ում օրենքով սահմանված կարգով առանձին հանրաքվե անցկացնելու ԼՂԻՄ-ի, հայաբնակ Շահումյանի շրջանի հայկական բնակչության անքակտելի իրավունքը: Նշվածից ելնելով՝ հայկական բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման միակ հնարավոր միջոցն առանձին հանրաքվեի անցկացումն էր, ինչն էլ իրականացվել է: Հանրաքվեի ընթացքում նաև ստեղծվել են ԼՂԻՄ ադրբեջանական բնակչության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Ադրբեջանական բնակչությունը չի մասնակցել Ադրբեջանի ղեկավարության հրահանգով և դրդմամբ:

Բացի վերոնշյալ կետերը, կարևոր է նաև մեկ հանգամանք ևս. ԽՍՀՄ իրավահաջորդությունից հրաժարված Ադրբեջանի Հանրապետություն պետությունը չի կարող պահանջներ ներկայացնել՝ հիմնվելով ԽՍՀՄ օրենսդրության վրա։

Հարկ է նշել, որ 1988թ.-ից սկսած ԱԽՍՀ ողջ տարածքում ադրբեջանական իշխանությունները կազմակերպել և համակարգված կերպով իրականացրել են հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ. Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի (Գանձակ) արյունալի ջարդերը և հայ բնակչության արտաքսումը, 1991թ. ապրիլին սանձազերծված ադրբեջանա-խորհրդային «Օղակ» ռազմա-ոստիկանական բռնի տեղահանության գործողությունը, որի հետևանքով բռնագաղթեցվել են ԱԽՍՀ հայաբնակ Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր, Խանլարի շրջանի Գետաշենի ենթաշրջանը, ԼՂԻՄ-ի մի շարք գյուղեր։ Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով ադրբեջանական պետականության կազմում հայկական բնակչությանը սպառնացող ֆիզիկական բնաջնջման վտանգը, Արցախի բնակչությանը ոչինչ չէր մնում անել, քան  միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի բոլոր պահանջների համապատասխանությամբ անցկացնել հանրաքվե և որոշել իր պետաիրավական կարգավիճակը՝ ապահովելով սեփական անվտանգությունը և խաղաղ գոյատևման իրավունքը:

Վանուհի Կարապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]