Հասարակական

Փաշինյանը Փարիզում ներկայացրեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը Փարիզում ներկայացրեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը ներկայացրեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն իր ելույթը հեռարձակեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Մենք այժմ մի նախաձեռնություն ունենք. մեր երկրի բնակչությունը 3 մլն է, սակայն 2020թ. մենք պատրաստվում ենք 10 մլն ծառ տնկել մեր երկրում, ինչը կլինի մեր ներդրումը կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարում: Իհարկե, միայն դա չի լինի մեր ներդրումը, մենք այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ այլ ծրագրեր ունենք»,- ասաց Փաշինյանը:

Քննարկմանը մասնակցում են նաև Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար ԼուիզՄուշիկիվաբոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Գլխավոր կոնֆերանսը ներառում է կազմակերպության անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչներին: Այն կազմակերպվում է տարին երկու անգամ, և նրա աշխատանքներին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր անդամ-պետություններն ու ասոցացված անդամները: Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու համար դիտորդի կարգավիճակով հրավիրվում են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ չհանդիսացող պետությունները, միջկառավարական կազմակերպությունները և հասարակական կազմակերպությունները: Յուրաքանչյուր անդամ-պետություն Գլխավոր կոնֆերանսի ընթացքում մեկ ձայնի իրավունք ունի, անկախ իր չափերից և բյուջեում ներդրման ծավալներից: Գլխավոր կոնֆերանսը հաստատում է կառույցի ծրագիրն ու բյուջեն: Կոնֆերանսն ընտրում է Գործադիր խորհրդի անդամներին և չորս տարին մեկ անգամ նշանակում Գլխավոր տնօրենին: Գլխավոր ասամբլեայի աշխատանքային լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենն ու ֆրանսերենը: Գլխավոր կոնֆերանսն ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղղությունն ու ընդհանուր գործունեության գիծը: Այս տարի 40-րդ կոնֆերանսը կդառնա գաղափարների համընդհանուր լաբորատորիա` ուղղված բազմակողմանի նոր մոտեցումներին` մի շարք արդիական հարցերի վերաբերյալ `բարձրագույն կրթությունից մինչև արհեստական բանականություն: Այս տարի կոնֆերանսի շրջանակում Բարձրագույն կրթության ավելի քան 100 նախարարներ Գլխավոր կոնֆերանսի ընթացքում կմասնակցեն ներառականության և շարժունակության նախարարների խորհրդի գլխավոր խորհրդաժողովին: Փարիզում 1998թ. ի վեր տեղի կունենա նաև մշակույթի նախարարների ամենամեծ հավաքը` Զարգացման մշակութային քաղաքականության միջկառավարական խորհրդաժողովից հետո: Մշակույթի նախարարների համաժողովում ավելի քան 107 նախարար կքննարկի մշակույթի տեղը հասարակական քաղաքականության և կայուն զարգացման գործում: քաղաքականության և կայուն զարգացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում