Հասարակական

2020 թվականից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ

2 րոպեի ընթերցում

2020 թվականից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲՆԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020 թվականից կկիրառվեն նոր որակի դրոշմապիտակներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողների ահազանգերը, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել և պատահարների առիթ դառնալ, խնդիրը հիմնովին կարգավորելու քայլեր է ձեռնարկել: «Վարչապետի հանձնարարությամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր որակի դրոշմապիտակների ձեռքբերման աշխատանքներին: ՊԵԿ նախագահի հրամանով փոխվել են դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրն ու որակը: Առաջին փուլով դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթի հաստությունը 50 միկրոնից նվազեցվել է մինչև 36 միկրոնի: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվել նոր որակի դրոշմապիտակների տեխնիկական բնութագրի փոփոխման ուղղությամբ»,-նշել է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը:

Նոր դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրը մշակելիս, հաշվի են առնվել հանրության բոլոր մտահոգությունները: Տեխնիկական նոր պահանջներ են դրվել դրոշմապիտակների տպագրությունն իրականացնող ընկերության առջև. այն պետք է լինի նոր որակի և ավելի անվտանգ: Նոր դրոշմապիտակներն ավելի ապահով են, ունեն բարձր կպչողականություն: Դրանք պատրաստված են բացառապես թղթային հիմքով և ընդհանրապես չեն պարունակում պոլիմերային թաղանթ: Օգտագործվող նյութերն ու սոսինձը կիրառվում են սննդամթերքի պիտակների արտադրության մեջ, չեն պարունակում քաղցկեղածին նյութեր և թունաքիմիկատներ: Դրոշմապիտակը բաղկացած է բազմակի պաշտպանիչ շերտերից, պարունակում է բարձր պաշտպանվածությամբ օժտված հոլոգրաֆիկ թափանցիկ շերտ:

Ի դեպ, փակցված դրոշմապիտակները հնարավոր չէ լինի ամբողջությամբ և առանց վնասելու պոկել: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ նոր դրոշմապիտակն ավելի ամուր է կպչում ապրանքներին, և, եթե անգամ նույնիսկ այն պոկվի, և երեխաները կուլ տան, ապա առողջությանը վտանգ չի սպառնա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում