Հասարակական

Ոստիկանությունն ամբողջությամբ ընդունել է ձերբակալվածների իրավունքների վերաբերյալ ՄԻՊ-ի առաջարկները

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն ամբողջությամբ ընդունել է ձերբակալվածների իրավունքների վերաբերյալ ՄԻՊ-ի առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին է ներկայացվել ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նախագծի ուսումնասիրությունը վկայում է, որ նախագիծն ամբողջությամբ արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր (ՁՊՎ) կատարած մշտադիտարկման այցերի վերաբերյալ վերլուծական տեղեկանքներում ՁՊՎ-ներին առնչվող առաջարկները:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է՝

  • ՁՊՎ-ների խցերը պետք է ապահովված լինեն էլեկտրական կարգավորիչներով, որոնց միջոցով գիշերային ժամերին հնարավոր կլինի թուլացնել խցերի արհեստական լուսավորությունը՝ չխոչընդոտելով ազատությունից զրկված անձանց հանգստի և քնի իրավունքը,
  • ՁՊՎ ընդունվող կանանց անհատական օգտագործման նպատակով, ի թիվս այլնի, ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում պետք է տրամադրվեն կանացի հիգիենիկ պարագաներ,
  • ՁՊՎ-ների զբոսաբակերը պետք է ապահովել մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորությամբ, կահավորել նստարանով ու աղբամանով,
  • օրենսդրական կարգավորման պետք է ենթարկել ՁՊՎ ընդունվող և այնտեղ պահվող ազատությունից զրկված անձանց բժշկական զննության իրականացումը,
  • պետք է ապամոնտաժել ՁՊՎ-ների տեսակցությունների սենյակներում առկա ապակե միջնորմները, ինչը կվերացնի ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների միջև ֆիզիկական շփման խոչընդոտը:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի առաջարկների կատարմանն ուղղված Ոստիկանության հետ համագործակցության նման օրինակը:

Նախագծի այլ դրույթների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նկատառումները կներկայացվեն կարծիքի տեսքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում