Կառավարությունը շուրջ 120 մլն դրամով պակաս է բավարարել Հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը շուրջ 120 մլն դրամով պակաս է բավարարել 2020թ. համար Հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:
«2020թ. ՀՀ պետական բյուջեով Հաշվեքննիչ պալատին հատկացված է 1 մլրդ 90 մլն դրամ, ինչը 29 մլն դրամով պակաս է նախորդ տարվա հատկացված ֆինանսական միջոցների համեմատ: Պետք է նշեմ, սակայն, որ Հաշվեքննիչ պալատը ներկայացրել էր 1 մլրդ 209 մլն 922 հազար դրամի չափով բյուջետային հայտ, այսինքն` մեր բյուջետային հայտը բավարարվել է 119 մլն 634 հազար դրամով պակաս»,- ասաց Յոլյանը:
Լևոն Յոլյանը նշեց, որ ներկա պահին այդ խնդիրը քննարկվում է ՀՀ կառավարության հետ: