Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կարևորը խոստումը պահելն է.Եղեռնի մասին ֆիլմն ուղղված էր նոր ցեղասպանությունները կանխելուն.Էսրայելյան

Կարևորը խոստումը պահելն է.Եղեռնի մասին ֆիլմն ուղղված էր նոր 
ցեղասպանությունները կանխելուն.Էսրայելյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ցուցադրումից ավելի քան 2 տարի հետո անգամ դրա մասին արձագանքները և ֆիլմի միջոցով Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածների մեկնաբանությունները չեն դադարում: Ֆիլմի հայազգի պրոդյուսերը գրեթե ամեն օր ստանում է նմանատիպ նամակներ: Նա շեշտում է՝ իրենց նպատակը մարդկանց լացել ստիպելը չէ, «Խոստումը» ֆիլմի նպատակը ներկայացվել է ֆիլմի վերջին նախադասությամբ` «Մենք դեռ այստեղ ենք»: «Արմենպրես»-ն այս մասին զրուցել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ:

-Պարոն Էսրայելյան, նախ հետաքրքիր է, թե ինչպես ստացաք առաջարկը` մասնակցություն ունենալու այդ նշանակալի ֆիլմի ստեղծման աշխատանքներին:

-Ես շատ բախտավոր եմ, որ իմ լավ ընկեր Քըրք Քըրքորյանն առաջարկեց ինձ աշխատել ծրագրի վրա: Հիանալի թիմը, և, ես կասեի, նաև հայ ժողովուրդն աջակցեցին ինձ: Ես միշտ պարտավորության զգացողություն եմ ունեցել, իմ մեծ տատն ու պապը Հայոց ցեղասպանությունը վերապրածներ են, և ես պարտքի զգացում ունեի: Եվ ինձ համար հիանալի առիթ էր, բախտ էր, որ շատ մարդիկ, ովքեր ֆիլմարտադրությունից ավելի լավ են հասկանում, քան ես, օգնեցին ինձ այդ ճանապարհին: Կարծում եմ, որ մարդիկ պատմությունն ամբողջությամբ չգիտեն. մենք ստեղծեցինք խաղարկային ֆիլմ` որպես հնարավորություն`1-2 ժամում ներկայացնելով պատմությունը,  բայց միևնույն ժամանակ ստեղծեցինք վավերագրություն: Խաղարկային ֆիլմը սահմանափակված է ժամանակային առումով, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ վավերագրությունը ևս օգտակար է՝ ներկայացնելու պատմության կարևոր ասպեկտները, ինչպիսին են, օրինակ, Մուսա լեռան հերոսամարտը, դեսպան Մորգենթաուի (1913-1916 թթ. ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում-հեղ.) և Թալեաթի (Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարը, որը եղել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից) միջև հանդիպումներին, որոնք լավ փաստագրվել են: Այդ ձևն օգտակար էր նաև ցույց տալու, թե ժխտողականությունն ինչ խորն է: Մենք հայերս պատմությունը շատ լավ գիտենք, սակայն մյուսները ևս պետք է տեղյակ լինեն: Քըրքորյանը հորդորել էր ֆիլմը պատրաստել շատ հատուկ ձևով, հատուկ հրահանգներով: Եվ մենք արեցինք այնպես, ինչպես ինքն ուզեց, այն պետք է լիներ ասես վիզուալ թանգարան:

-Ֆիլմը միայն կոմերցիոն նպատակ չէր հետապնդում, ի՞նչ եք կարծում նմանատիպ ֆիլմերը որքանով կարող են նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, և արդյոք ֆիլմի հիմնական նպատակը հենց դա՞ է եղել:

-Ֆիլմի գլխավոր նպատակն էր պատմել մեր պատմությունը՝ հնարավոր տեսանելի մեխանիզմներով: Մենք ցեղասպանության պատմական փաստերի մասին հիանալի գրքեր ունենք, բայց նաև պետք է օգտագործենք տեխնոլոգիաները, ֆիլմարտադրությունը՝ այդ պատմությունն աշխարհին ցույց տալու համար: Նպատակը պարզապես  ֆիլմ ստեղծելը չէր, այլ մարդկանց տեղյակ պահելը: Մենք սոցիալական շարժում էինք սկսել՝ «Պահպանենք խոստումը» (#KeepThePromise), Քըրքորյանը խոստացավ ֆինանսավորել ֆիլմը, մենք խոստացանք ֆիլմն ավարտին հասցնել, երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը, և մենք հիմա պետք է խոստանանք՝ երբեք թույլ չտալ այլ մարդկանց նկատմամբ կրկին ցեղասպանություն գործել: Շատ քիչ ֆիլմեր կան, որոնք փաստացի այդքան կյանք ու ազդեցություն ունեն, որքան «Խոստումը» ունի այսօր:

-Պարոն Էսրայելյան, արդյոք ֆիլմի արդյունքները, դրա վերաբերյալ արձագանքները Ձեզ գոհացնո՞ւմ են:

-Առաջին հերթին շատ քննադատներ երբեք ֆիլմ չեն նկարահանել, շատ հեշտ է խոսել որևէ բանի մասին: Մենք ունենք 50 տոկոս դրական, 50 տոկոս բացասական արձագանքներ, բայց եթե նայեք լսարանի գնահատականին` դրականը ավելի քան 90 տոկոս է: Մենք գերազանց գնահատականներ ունենք, և դեռ շարունակում ենք ստանալ դրանք: Գրեթե ամեն օր աշխարհի որևէ ծայրից գրություն եմ ստանում, որում ասում են, որ նայել են ֆիլմը, և որ նախկինում տեղյակ չէին Հայոց ցեղասպանության մասին: Ինձ համար դա բավարար է: Մի քանի օր առաջ ես հանդիպել եմ մեկին, ով ասաց, որ նայել են ֆիլմը, և այն պահին, երբ հասկացել են Մուսա լեռան պատմությունը, չեն կարողացել զսպել լացը: Սակայն գլխավոր ձգտումը մարդկանց լացել ստիպելը չէ: Մենք հատուկ նպատակ ունենք, և այդ նպատակի մի մասը ներկայացված էր ֆիլմի վերջում` ներկայացնել, որ հայերը ոչ միան փրկվել են, այլ նաև բարգավաճել: Ֆիլմի վերջին նախադասությունը` «Մենք դեռ այստեղ ենք», հիշեցում է աշխարհին, որ մենք դեռ այստեղ ենք: Դա պարզապես անցյալի աղետ չէ, մենք դրանից պետք է սովորենք, մենք երբեք չենք կարող մոռանալ, բայց կարծում եմ, որ մենք նաև հնարավորություն ու պարտավորություն ունենք` մեծ գործեր կատարելու:

-Արդյոք ֆիլմը միայն Հայոց ցեղասպանության մասին էր, թե նաև նպատակ ուներ՝ կանխելու մարդկային աղետները:

-Հայոց ցեղասպանությունն արդեն եղել է, կարծում եմ, որ այն, ինչ մենք պետք է անենք, ֆիլմը կապելն է այլ դաժանությունների հետ: Մենք ցավոք տեսնում ենք, որ նույնը տեղի է ունեցել Հոլոքոստի, Կամբոջայի ցեղասպանության դեպքում: Մենք տեսնում ենք, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ դրսևորված դաժանությունն ու անմարդկայնությունը, ցավոք չեն փոխվում:

-Եվ վերջում, պարոն Էսրայելյան, դուք աշխատում եք բժշկության ոլորտում, ինչպե՞ ս եք համատեղում այն պրոդյուսերության հետ` եթե նկատի ունենանք նաև, որ դրանք միանգամայն տարբեր հմտություններ են պահանջում:

-Չեմ քնում (կատակում է-հեղ.)։ Ես սիրում եմ գիտությունը, ես ուրախ եմ, որ ֆիզիկոս եմ: Եվ ես կարծում եմ, որ ստեղծագործ լինելը, գիտությամբ զբաղվելը և մարդկանց օգնելու հնարավորությունն օրհնություն են ինձ համար: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես եմ հետաքրքրվում արվեստով, քանի որ բժիշկ եմ: Այն ինձ օգնում է լուծելու խնդիրները, ստեղծագործ լուծումների հանգելու:

Հարցազրույցը` Աննա Գրիգորյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]