Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Առաջին հայ պարբերականը 225 տարեկան է

Առաջին հայ պարբերականը 225 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պարբերական մամուլի  225-ամյա պատմությունն ընդգրկում է հայ  ժողովրդի մտավոր  ու հասարակական կյանքի զարգացման  գրեթե բոլոր փուլերը՝ 18-րդ դարի վերջից մինչև մեր օրերը։

Հայ պարբերական մամուլի առաջնեկը «Ազդարար» հանդեսն  է, որը    լույս է տեսել 1794 թվականի հոկտեմբերի16-ին՝ Հնդկաստանի Մադրաս քաղաքում։ Այն հիմնադրել, խմբագրել և հրատարակել է Հարություն քահանա Շմավոնյանը։ Հանդեսը լույս է տեսել մինչև 1796 թվականի  մարտ  ամիսը։ Լույս է տեսել ընդամենը 18 համար։ Տպագրվել է գրաբարով , մասամբ ՝ հնդկահայ  և  Նոր Ջուղայի բարբառներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ  «Ազդարարը» ոչ միայն առաջին հայ պարբերականն է, այլև Հնդկաստանի առաջին ոչ անգլիալեզու պարբերականը։ Հարություն Շմավոնյանը իր հանդեսով ձգտում էր գաղութահայությանը  հաղորդակից  դարձնել քաղաքակիրթ աշխարհի իրադարձություններին, մատաղ սերնդին դաստիարակել հայեցի ոգով։ «Ազդարարը» գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր։Այն  տարածվում  էր Մադրասում, Կոստանդնուպոլսում, Նոր Նախիջևանում, Էջմիածնում և այլուր։ Այդ պարբերականն իր առջև նպատակ էր դրել իր ընթերցողին տեղյակ պահել ընթացիկ ամսվա կարևորագույն քաղաքական և տնտեսական իրադարձությունների մասին։  Ամսագիրն  արտացոլել է հնդկահայ, մասնավորապես մադրասահայ  կյանքը, անդրադարձել է հայ ժողովրդի լուսավորության, ազգային  ինքնագիտակցության,  ազատագրության  խնդիրներին՜։

«Ազդարարում» տպագրվել են կրոնա-բարոյախոսական հոդվածներ և գրկան ւ պատմագրական նյութեր՝ թե՜ ինքնուրույն, թե՜ այլ լեզուներից  թարգմանված։ Մասնավորապես, այդ պարբերականի էջերում տեղ են գտել Խաչատուր Ջուղայեցու «Պատմութիւն Պարսաց», Հակոբ Սիմեոնյանի (Այուբյանց) «Դավրիժեցու «Պատմութիւն Հեիդարալի խանի» և այլ գործեր։ Հիշարժան է նաև Ռուսաստանի հայոց հոգևոր առաջնորդ Հովսեփ  Արղությանի  «Օրհնության թուղթ»-ը, ուղերձներն ու նամակները, ուր նա զարգացրել է Ռուսաստանի օգնությամբ  Հայաստանը  Թուրքիայի  և Պարսկաստանի  լծից  ազատագրելու գաղափարը։ Հարություն Շմավոնյանի պարբերականը գաղութահայերին հորդորում էր վերադառնալ հայրենիք։

«Ազդարարի» հեղինակության ու  նաև Շմավոնյանի՝ որպես  լավ  կազմակերպչի մասին է վկայում այն փաստը, որ նրա պարբերականը ուներ  արտահաստիքային  թղթակիցների  լայն ցանց։ Հիրավի, պարբերականը թղթակցություններ էր ստանում ոչ միայն Մադրասից, այլև Կալկաթայից, Բասրայից, անգամ Չինաստանից ու Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Երևանից, Շուշիից։

Հարց է ծագում՝ արդյո՞ք  պատահական էր, որ հայ առաջին պարբերականը լույս է տեսել Հնդկաստանում։ Երևի՝ ոչ։Տակավին16-րդ դարից  Հնդկաստանում գոյություն ուներ առևտրական խոշոր բուրժուազիա, որն առևտուր էր անում Պարսկաստանի, ինչպես նաև Միջերկրածովյան առևտրական կենտրոնների հետ՝ Հնդկաստանից հասնում էր մինչև Եվրոպա, այդ թվում  նաև Ռուսաստան։ Հայ վաճառականներն արտահանում էին Հնդկաստանի ներքին բարիքները՝ բուրդ, բամբակ, ցորեն, կաղին, զանազան համեմունքներ, դեղամիջոցներ։ Այդ վաճառականներն ունեին հայկական անուններով նավեր, որոնք ակոսում էին ծովային  առևտրական ուղիները։ 17-րդ դարից  թուլանում է հնդկահայ  վաճառականության երբեմնի հզորությունը, քանզի այդ ժամանակ հայտնվում են անգլիական առևտրական ընկերություններ, որոնք լուրջ մրցակից  էին հայ վաճառականների  համար։ Վերջիններս տիպված էին սահմանափակվել միայն Պարսկաստանի և սևծովյան շրջանի առևտրի ասպարեզում, մրցակիցներին զիջելով Եվրոպայի  շուկաները։ Այնուամենայնիվ 18-րդ դարի վերջին քառորդում Հնդկաստանում կար արևելյան առևտրում բավականին ազդեցիկ հայ վաճառականների մի խումբ։

1773 թվականին այս  առևտրականության գործուն աջակցությամբ լույս  տեսավ «Որոգայթ փառաց»( «Փառքի որոգայթ»)   աշխատությունը, որը հայկական  առաջին սահմանադրությունն էր, թեկուզ   պետականությունից զուրկ Հայաստանի համար։ Այն հեղինակել էր հնդկահայ  մեծահարուստ  մտավորական  Շահամիր  Շահամիրյանը։ Ըստ հեղինակի, Հայաստանի ապագան ենթադրվում էր սահմանադրական միապետության ձևով։ Թագավորի ամբողջ  գործունեությունը պետք է վերահսկվեր «Հայ ոց  տան»( խորհրդարանի) միջոցով։ Հետագայում պետական և հասարակական հիմնարկներն իրենց գործունեությունը պետք է կարգավորեին  այդ սահմանադրության պահանջներով։

Շահամիրյանը անդամակցում էր «Մադրասի խմբակ» կազմակերպությանը, որը միավորում էր Հայաստանի ազատագրման գաղափարներով տոգորված մի խումբ մտավորականների։ Այդ խմբակի անդամներից էր նաև Մովսես Բաղրամյանը, որի աշխատությունը՝ դարձյալ Հայաստանի ազատագրության հիմնահարցերով, լույս տեսավ1774 թվականին, նույն Մադրասում։ Այդ գրքի վերնագիրն էր «Նոր տետրակ , որ կոչի հորդորակ»։ Կարելի է ենթադրել, որ «Ազդարարի» հիմնադիր-խմբագիր Հարություն Շմավոնյանը նույնպես հարել է այդ խմբակին։ Ճիշտ է, այդ մասին փաստեր չկան, բայց այն իրողությունը, որ «Ազդարարն» ուներ քաղաքական շեշտված բովանդակություն և նրա նյութերը շոշափում էին ազգային վերածննդի խնդիրները, խոսում  են այս ենթադրության օգտին։ Իր հասարակական հայացքներով և ուղղությամբ Շմավոնյանը, ուրեմն՝  նաև «Ազդարարը» պահպանողական էր։

Ազգի ներկա վիճակը և նրա  կյանքի  հետագա զարգացումը հայ մտավորականները տեսնում էին երեք գործոնների միջոցով.

  1. Եկեղեցի
  2. Լեզու, որի վրա հենվում է ազգի ամբողջ մշակույթը
  3. Ազգային ավանդույթներ և սովորույթներ, որոնք կազմում են տվյալ ազգի հոգևոր կերտվածքը։

Հարություն քահանա Շմավոնյանը խոնարհվում էր Էջմիածնի՝ որպես հայ  եկեղեցու  գերագույն  հեղինակության առջև։ Նրա համոզմամբ  եկեղեցին է, որ կարողացել է պահպանել հայ ազգությունը, աշխարհի տարբեր վայրերում իր շուրջ համախմբելով հայերի հատվածները, ստեղծել դպրոցներ, նրանց մեջ վառ պահել հայրենիքի գաղափարը։ Նույն կերպ Շմավոնյանը մեծարում էր գրաբարը, սակայն հարկադրված էր իր ամսագիրը հրատրակել ոչ միայն գրաբարով,  այլ նաև Ջուղայի բարբառով, որպեսզի  այն հասկանալի լինի ընթերցողներին

Հետաքրքիր է, որ «Ազդարարի» առանձին համարներ տպագրվել են  պատկերազարդ, կարմրագույն տառերով։ 1970 թվականին, ի նշանավորումն «Ազդարարի» լույս ընծայման 175-ամյակի,  «Գալուստ Կյուլբեկյան» հիմնադրամը երկու հատորով ամբողջությամբ վերատպել է հայ մամուլի առաջնեկի՝ «Ազդարարի», բոլոր համարները։

 

Լևոն Ազրոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am