Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս

Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները

Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի 
լեգենդար կոմպոզիտորները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայանում է նոր մեգանախագծով. նոյեմբերի 1-9 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պտական սիմֆոնիկ նվագախմբից, նախաձեռնության շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը, նրանց կմիանա նաև մեր մեծանուն մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Այս կոմպոզիտորներն այսօր ստեղծում են դասական արվեստը, նրանք դասական երաժշտության մերօրյա հերոսներն են:

Սա աշխարհում առաջին փառատոնն է, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում մեկ տեղում տեսնելու բազմաթիվ աշխարհահռչակ կոմպոզիտորների մի ամբողջ աստղաբույլ: Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը կնվիրվի կոմպոզիտորներից մեկին, որի ընթացքում կներկայացվեն հեղինակների ստեղծագործությունները։ Կոմպոզիտորների գործերը կկատարեն աշխարհում մեծ հռչակ ունեցող մենակատարներ:

Երեկո կնվիրվի նաև վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին, ով մեկ ամիս առաջ հրաժեշտ տվեց կյանքին։ Մաեստրո Կանչելին նույնպես հրավիրված էր մասնակցելու «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին, ցավոք, մենք չենք վայելի կոմպոզիտորի ֆիզիկական ներկայությունը, սակայն նրա երաժշտությունը կթևածի՝ ապրեցնելով մեծ կոմպոզիտորի հիշատակը։

Համերգային ծրագրերը կներկայացնեն Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի,  Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

Այս մեծամասշտաբ և յուրօրինակ ծրագրի նպատակն է հանդիսատեսին հնարավորություն տալ հանդիպելու մեր ժամանակի լեգենդներին և կենդանի կատարմամբ վայելելու նրանց երաժշտությունը:

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ