Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԻՊ-ը «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերով սեփականության վերաբաշխումը համարում է անթույլատրելի

ՄԻՊ-ը «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերով սեփականության 
վերաբաշխումը համարում է անթույլատրելի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով, «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի անվան տակ տեղի է ունեցել սեփականության անթույլատրելի, անարդարացի վերաբաշխում: Այդ ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց պետության կողմից «Հյուսիսային պողոտա», «Կասկադ» ծրագրերով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման թեմայով խորհրդարանական լսումներում:

 «Երևանի և Հայաստանի ցանկացած այլ բնակավայրի բարեկարգումն ու կառուցապատումն ունի կարևոր նշանակություն: Սակայն ընդունելի չէ այդ բարեկարգման իրականացումը մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներով, օրենքի անտեսմամբ, բնակչության ունեզրկման, երկրում աղքատության ավելացման հաշվին: Երևանի կառուցապատման ծրագրերով 2000-ականներից սկսած քաղաքացիների սեփական բնակարանները, շինությունները և հողատարածքները հասարակական կարիքների համար կառավարության որոշումներով ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ և օտարվել՝ պետական կարիքների համար հիմնավորմամբ: «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերն իրականացվել են հենց այդ ճանապարհով: Այդ ծրագրերի իրականացման անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում՝ անթույլատրելի, անարդարացի վերաբաշխում: Այդ ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ: Եվ Երևանի կենտրոնական հատվածները կենտրոնացվել են առանձին անհատների ձեռքում»,-ասաց Թաթոյանը:

Նա նկատեց՝ Երևանի բարեկարգման և կառուցապատման լայնածավալ ծրագրի իրականացման նպատակով քաղաքացիներից վերցվել են նրանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքներն ու բնակարանները, և հարյուրավոր ընտանիքներ դարձել են անօթևան: Թաթոյանը նշեց՝ կառավարության այդ որոշմամբ այդպես էլ չբացահայտվեց «պետական կարիք» հասկացության բովանդակությունը, չընդունվեց առանձին օրենք, որով սահմանված կլիներ գույքի օտարման բացառիկ կարևորությունն ու նշանակությունը, օտարման գոտին և գերակա շահը: Նրա խոսքով՝ կառավարությունն ինքը սահմանեց նման գոտիներ և որոշում ընդունեց իրացնողին իրավունք վերապահել սահմանել և սեփականատիրոջն առաջարկելու փոխհատուցման չափը,

ՄԻՊ-ը նկատեց՝ ինչպես օտարվող սեփականության սեփականատերը, այնպես էլ օտարման արդյունքում ազդեցության ենթակա այլ քաղաքացիները, որպես կանոն, պատշաճ կամ ընդհանրապես տեղեկացված չեն եղել և մասնակիցը չեն դարձել համապատասխան որոշումների ընդունմանը: «Մի քանի տասնյակ ընտանիքներ՝ մեծ մասը բազմանդամ, որոնք սեփականատերեր են համարվել  դեռ 30-40-ական թվականներից, դիտվել են միայն որպես տվյալ բնակարանների օգտագործողներ և վտարվել են աննշան փոխհատուցմամբ: Դատարաններն ակնհայտ անարդար անտեսել են իրացնողի ներկայացրած պայմանագրերի միակողմանի կազմված լինելը, բացառապես բավարարել են պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած տարածքից վտարելու վերաբերյալ իրացնողի ներկայացրած հայցերը»,-ասաց ՄԻՊ-ը:

Թաթոյանը նկատեց, որ նման վիճակ առաջացել է նաև այն պատճառով, որ մինչև վերոհիշյալ ծրագրեր կազմելն ու գործադրելը չի հստակեցվել վերցնելու ենթակա տարածքների, դրանց վրա գտնվող կառույցների կարգավիճակը, դրանց տիրապետողներին հնարավորություն չի տրվել օգտվելու իրենց իրավունքների օրինական ձևակերպման օրենսդրական  սկզբունքներից, հակառակը՝ պետական լիազորված մարմինն օգտագործել է իրավունքը բացառող ձևական հիմքերը և նույնիսկ արգելքներ է ստեղծել նման ձևական հիմքերը վերացնելու ճանապարհին:

Ուսումնասիրելով բողոքներում շարադրված հանգամանքները՝ ՄԻՊ-ը հանգել է այն եզրահանգման, որ օտարված տարածքների նախկին բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող Կենտրոն վարչական շրջանի՝ Արամի, Բուզանդի, Ֆիրդուսի, Հանրապետության, Խանջյան փողոցներում և Կոնդ թաղամասում գտնվող բնակելի տարածքները  օտարվել են 30-ամսյա ժամկետում նորակառույց բազմաբնակարան շենքերում բնակարաններ ձեռք բերելու, այսինքն՝ համարժեք փոխհատուցում ստանալու օրինական ակնկալիքով: Սակայն դա մինչև օրս հաշվի չի առնվել: «Վերոգրյալից հետևում է, որ քաղաքաշինական նպատակներով որպես բացառիկ գերակա հանրային շահ հասարակության և պետության կարիքների համար նշված տարածքների օտարումը չի բխում հանրության կարիքներից, քանի որ նշված տարածքներից շատերում որպես փոխհատուցում կառուցվող շինությունները՝ բազմաբնակարան շենքերը չեն ծառայության իրենց նպատակին, տարիներ շարունակ մնացել են կիսակառույց: Եվ երկրորդ՝ դա չի բխում հանրության շահերից, քանի որ օտարված տարածքների նախկին իրավատերերը ստիպված են եղել տարիներ շարունակ բնակվել վարձակալական հիմունքներով, արդյունքում մինչև օրս չստանալով համարժեք փոխհատուցում»,-ասաց Թաթոյանն ու հավելեց՝ անհրաժեշտ է խնդիրը կարգավորելով օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]