Հասարակական

Հարգում ենք կասկած ունենալու «Իմ քայլը»-ի իրավունքը. ԼՀԿ-ն՝ հայտնի նախագծին կողմ քվեարկելու մասին

3 րոպեի ընթերցում

Հարգում ենք կասկած ունենալու «Իմ քայլը»-ի իրավունքը. ԼՀԿ-ն՝ հայտնի նախագծին կողմ քվեարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու որոշման նախագծին կողմ է քվեարկելու՝ «Իմ քայլի»՝ կասկած ունենալու իրավունքը հարգելու պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում նախագծի քննարկմանը խմբակցության անունից ելույթի ժամանակ այս մասին հայտնեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Մենք դեմ կլինեինք, եթե դուք քաղաքական դատավճիռ կայացնեինք որևէ դատավորի լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ, որովհետև ԱԺ-ն դատավճիռ կայացնող մարմին չէ: Հետևաբար` մենք դեմ կլինեինք ցանկացած այն դրսևորումներին, որոնք քաղաքական բովանդակության զուգակցված կտանեն դեպի իրավական որոշումների սխալ կայացման: Միևնույն ժամանակ մենք կողմ ենք ցանկացած այն գործընթացին, որն իր բովանդակության մեջ Սահմանադրությամբ, ԱԺ կանոնակարգ օրենքով և Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխանում է: Եվ հետևաբար, մեր դիրքորոշումը, որ չենք ընդվզում և կողմ ենք քվեարկում իշխող խմբակցության առաջ բերած նախագծին, հիմնավորված է այն պատճառաբանությամբ, որ մենք հարգում ենք կասկած ունենալու ձեր իրավունքը: Եվ դուք իրավունք ունեք կասկածելու, որ ՍԴ-ի որևէ դատավոր կատարել է էական կարգապահական խախտում»,-ասաց Սիմոնյանը:

Միևնույն ժամանակ Սիմոնյանը հույս հայտնեց, որ ՍԴ-ի ցանկացած դատավորի կողմից կարգապահական որևէ խախտման պարագայում «Իմ քայլը» նույն ջանասիրությամբ նույն իրավական գործընթացները կսկսի, քանի որ քաղաքական մեծամասնություն է և իր որոշումներից է շատ բան կախված:

Սիմոնյանը նշեց՝ այս տրամաբանությունից ելնելով ԼՀԿ-ն կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության առաջ բերած նախագծին՝ հույս ունենալով, որ կասկած ունենալ իրավունքն ու դատավճիռ չկայացնելու իրավունքը կհարգվեն նաև նրանց կողմից:

Սիմոնյանը միևնույն ժամանակ նշեց, որ ցանկացած գործողություն, որ կատարում են, պետք է բացառապես համապատասխանի օրենքին ու օրինականությանը: Նա շեշտեց՝ այդ էր պատճառը, որ իրենք առաջինն էինք, որ ժամանակին դատապարտեցին իշխող քաղաքական ուժի կողմից դատարանների դռները փակելու որոշմանը: Սիմոնյանի գնահատմամբ՝ դա իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի էական խախտում է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում