Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Կաթողիկոսն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին վերաբերող հայտարարությանը

Կաթողիկոսն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին վերաբերող 
հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ամենայն հավանականությամբ լուսաբանություններ կունենա վարչապետի Լոս Անջելեսում արված հայտարարության շուրջ:

«Այդ առնչությամբ եկեղեցին արդեն տեսակետ հնչեցրել է: Ամենայն հավանականությամբ վարչապետի վերադարձին Հայաստան այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք: Մենք պարբերաբար հանդիպում ենք վարչապետի հետ և քննարկում ենք եկեղեցուն և հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Վեհափառը:

Խոսելով երկրի քաղաքական կյանքից` նա ասաց, որ կան բավականին հարցեր, որոնք ծառացած են մեր երկրի առջև և հուզում են ժողովրդին, ու «այս հուզումները, բնականաբար, իրենց արտահայտությունն են գտնում հայրենական մեր կյանքում և սփյուռքի կյանքում»:

«Լիահույս  ենք, որ բոլոր խնդիրները կլուծվեն, աղոթում ենք, որ մեր երկիրը ապրի խաղաղության մեջ ու լինի կայուն»,-ընդգծեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում լրագրողների հետ ունեցած հանդիպմանը «Հայ կյանք» լրատվական կայքի ներկայացուցիչ Ոսկան Մխիթարյանը խնդրել է նրան անդրադառնալ իր այն հայտարարությանը, որ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու ներքին գործերին:

Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանել է. «Ես ցանկանում եմ հասկանալ` մենք ուզու՞մ ենք, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ: Եթե պարզվի, որ հայ ժողովուրդը ցանկանում է, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, կառավարությունը կքննարկի հայ ժողովրդի այդ պահանջը, կհասկանա, թե ինչպիսի գործնական հնարավորություններ կան»,-նշել է նա:

Վարչապետը շեշտել է. «Երբ մենք ասում ենք, որ ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ եզրակացնում են, որ մենք նախկին կառավարությանը նման չենք, թույլ կառավարություն ենք»,-ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ նրանք, ովքեր մտածում են քանդել այս կառավարության ոտքերի տակ, շատ ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառի թե’ բուն, թե’ փոխաբերական իմաստով: «Ես ցանկանում եմ բոլորին զգուշացնել, որ մեր ժպիտները, մեր հարգանքը, թող ոչ ոք որպես թուլություն չընկալի:  Նրանք, ովքեր մեր գործելակերպն ընկալում են որպես թուլություն, ժողովրդին են ընկալում որպես թույլ, անկարծիք սուբյեկտ»,-շեշտել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am