Շվեյցարիայի առաջարկության շնորհիվ Հայաստանը կապակենտրոնացնի հանրային ծառայությունները կենտրոնից մարզ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի կառավարությունը նախատեսում է ընդլայնել իր աջակցությունը Հայաստանի կառավարությանը՝ բնակչությանը հանրային ծառայություններն առավել արդյունավետ, թափանցիկ և ժողովրդավարական եղանակով մատուցելու հարցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 26-ին մեկնարկեց «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն անց է կացվում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից:
Ծրագրի շնորհիվ ՀՀ կառավարությունը կկարողանա ապակենտրոնացնել հանրային ծառայությունները կենտրոնից մարզեր՝ կառուցելով համապատասխան տեղական կարողություններ և ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ այդ ծառայությունների ստացման համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կարողությունների բարելավման մակարդակում ներդրումը շատ մեծ է:
«Մեր համայնքներում կարողությունների մեծ խնդիր ունենք, մեր աշխատակիցները երբեմն բավարար չափով պատրաստված չեն և չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները: Սա պատճառներից մեկն է, որ համայնքների միավորումը տալիս է դրական էֆեկտ: Մենք արդեն իսկ փոքր միավոր գումարը ճիշտ օգտագործելու փորձ ունենք: Առկա ռեսուրսից իրենք ընտրում են ամենակարող ուժերին և աջակցում են զարգացման ծրագրերին»,- ասաց Պապիկյանը:
Նա շեշտեց, որ այն կարողությունները, որ ունեն խոշորացված համայնքները, չունեն փոքրները:
Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոն միջոցառման ժամանակ նշեց, որ իրենք մշտապես պատրաստ են աջակցել երկրներում աղքատության նվազեցմանը:
«Շվեյցարիայի համագործակցության գրասենյակն իր համար շատ հստակ սկզբունք է սահմանել, ըստ որի իրենք համագործակցում են տեղական գործընկեր կազմակերպությունների հետ: Մենք ցանկանում ենք նաև ստեղծել հավելյալ արժեք և կիսվել նորագույն գիտական բացահայտումներով ու փորձով»,- ասաց ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը:
Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից: Ծրագիրն իրականացվելու է GIZ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրոպայի խորհրդի կողմից: