Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության մրցանակների արժանացածներին կհրավիրի Արցախ

Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության մրցանակների 
արժանացածներին կհրավիրի Արցախ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը մրցանակի արժանացած անձանց հրավիրելու է Արցախ, մեծարելու է նրանց և փորձելու է հասկանալ, թե ինչպես են հասել այդ հաջողություններին՝ ակնկալելով հերոսների աջակցությունն այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սահակյանն այս մասին ասաց ՀՀ անկախության օրվա առթիվ կազմակերպված մրցանակաբաշխության  ընթացքում:

«Անկախությունը մեծագույն, գերագույն արժեք է: Եվ այդ արժեքը մշտապես արժևորելու լավագույն միջոցը աշխատանքն է: Մասնակցելով այդ մրցանակաբաշխությանը՝  մտահաղացում է առաջացել, մրցանակների արժանացած մեր հայրենակիցներին հրավիրելու եմ մեր հայրենիքի արցախյան հատված ու նորից մեծարելու եմ նրանց:  Այս կերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այս կերպ է պետք սիրել հայրենիքը: Ես նաև Արցախում իբրև հնարավորություն եմ օգտագործելու՝ խորանալու, հասկանալու, թե ինչպես են նրանք հասել այդ հաջողություններին, և ակնկալելու եմ մեր հերոսների աջակցությունն այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար»,-ասաց Սահակյանը:

Նա շնորհավորեց բոլորին ՀՀ անկախության տոնի առիթով՝ ցանկանալով, որ հաջողությունն ուղեկից լինի հայրենաշինության ճանապարհին:

Գյումրիի  Սև բերդում Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Մրցանակը կհանձնվի այն մարդկանցից մեկին, որն իր ուժերով ստեղծել է սեփական բիզնես և իր ապագան կապել Հայաստանի հետ: Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման հերոսներն են: Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին հանձնում են մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակ կսահմանվի վարչապետի մրցանակը: Նման միջոցառմամբ Անկախության օրը պետությունը ցույց է տալիս, որ մեծարում է քաղաքացուն և աշխատանքը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5% «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ