ՀՀ նախագահն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնակատարներ նշանակելու հրամանագրեր է ստորագրել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ ԷդուարդՄարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար է նշանակվել Արման Սարգսյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ ԱրմանՍարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: