Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իրանական պատվիրակությունը Միացյալ Նահանգների վիզային սպասելիս

Իրանական պատվիրակությունը Միացյալ Նահանգների վիզային սպասելիս

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ ՄԱԿ-ի անդամ երկրների պատվիրակություններն այս օրերին փորձում են լավագույնս նախապատրաստվել ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դեռ ԱՄՆ մուտք գործելու արտոնագիր չեն ստացել:  

Սեպտեմբերի 16-ին ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աբբաս Մուսավին հայտարարեց, որ Հասան Ռոհանին և Մոհամմադ Ջավադ Զարիֆը կմեկնեն Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովին: Սակայն երկու օր անց արտգործնախարար Զարիֆը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե դեռ վերջնական հաստատված չէ, կմեկնեն Նյու Յորք, թե ոչ: Զարիֆի այս խոսքերը բուռն քննարկումների առիթ դարձան:

Միացյալ Նահանգների՝ ՄԱԿ-ի նկատմամբ ունեցած պարտավորության համաձայն՝ ԱՄՆ-ն պարտավոր է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին ԳԱ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելու համար վիզա տրամադրել: Պետք է նշել, որ վերջին տասնամյակում իրանական պատվիրակությունները մշտապես նման խնդիրների առջև կանգնել են, սակայն վերջին պահին այնուամենայնիվ նրանց վիզա տրամադրվել է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ նախադեպ չի եղել, որ ՄԱԿ-ի անդամ որևէ երկրի ղեկավար կամ ԱԳ նախարար վիզա չստանալու պատճառով չմասնակցի ԳԱ վեհաժողովին, սակայն Իրանի դեպքում նմանատիպ մի իրադարձություն տեղի ունեցել է, երբ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ նշանակված Համիդ Աբութալեբիին վիզա չտրամադրեց՝ այն հիմնավորմամբ, թե վերջինս 1979թ. մասնակցել է Թեհրանում ԱՄՆ դեսպանության գրավմանը: 

Այս տարին սակայն առանձնանում է մի քանի հանգամանքով: Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների պայմաններում ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանը հանդիսանում է լավագույն հարթակը, որտեղից ԻԻՀ նախագահն ու ԱԳ նախարարը մի կողմից ներկայացնում են Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, մյուս կողմից երկկողմ շփումների միջոցով կարողանում են Թեհրանի համար կարևոր հարցերի շուրջ գործընկեր պետությունների ներկայացուցիչների հետ ճշտել փոխադարձ դիրքորոշումները:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա վերջինս մի կողմից փորձում է վիզայի գործոնն օգտագործելով ազդել Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպելու որոշման վրա, մյուս կողմից հավատարիմ մնալ Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ սահմանված պատժամիջոցի մասին որոշմանը, որն առաջին հերթին ամերիկյան ԶԼՄ-ների և «Դեմոկրատների» հետ հնարավոր հանդիպումները սահմանափակելու նպատակ է հետապնդում:

Բացի այդ՝ մինչև վերջին պահը հստակ պատասխան չտալով, Միացյալ Նահանգները փորձում է դրդել, որպեսզի իրանական կողմը հրաժարվի Նյու Յորք մեկնելուց:

Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից վիզա չտրամադրելու դեպքում Իրանի գործողություններին, իրանական  մամուլում քննարկվող սցենարներից մեկն այն է, թե Իրանի նախագահը և ԱԳ նախարարը կարող են մեկնել Ժնև և ելույթ ունենալ Ժնևում ՄԱԿ-ի ներկայացուցչությունում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր, թե քարտուղարությունն ամերիկյան կողմի հետ փորձում է լուծել իրանական պատվիրակության անդամներին վիզա տրամադրելու հետ կապված խնդիրները:

Իրանի ԱԳ նախարարը, սակայն, սեպտեմբերի 19-ի օրվա երկրորդ կեսին, անդրադառնալով Նյու Յորք այցին, նշել է. «Միացյալ Նահանգները դեռ մեր նախագահի վիզայի հետ կապված հարցերը չի լուծել, որը մեր այցի համար լուրջ խնդիրներ է ստեղծում: Չեմ ասում թե արդեն շատ ուշ է, բայց արդեն շատ է ուշանում»:

Արմեն Իսրայելյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]