Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխն ու դաշնակահար Եվգենի Սուդբինը հանդես կգան Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխն ու դաշնակահար Եվգենի Սուդբինը հանդես կգան 
Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, գերմանացի հանրահայտ շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխը և ռուս դաշնակահար Եվգենի Սուդբինը: Համերգը ղեկավարելու է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ  Թոփչյանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում Թոփչյանն ասաց, որ երեկոյին Չաուշյանը ներկայացնելու է Դվորժակի թավջութակի կոնցերտը, Ֆրիդրիխը` Իլյա Շախովի Ռոմանտիկական կոնցերտը, իսկ Սուդբինը կատարելու է Գրիգի Դաշնամուրի կոնցերտը: 

«Փառատոնի առավելություններից եմ համարում այն, որ մենք կարողանում ենք Հայաստան հրավիրել ականավոր դիրիժորների, լավ երաժիշտների, հատուկ երաժիշտների: Հրավիրում ենք ստեղծագործողների, որոնց համար երաժշտությունն առաջնային է: Հաճախ արվեստը ծառայում է անհատի սեփական նպատակներին. դա մեր դարի սոսկալի երևույթներից է և տիեզերական արագությամբ է զարգանում, ու դժվար է դառնում որակի մասին խոսելը»,-շեշտեց Թոփչյանը ու հավելեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը ձգտում է ավելի ու ավելի բարձր որակի: 

Ռայնհոլդ Ֆրիդրիխն ասաց, որ հաճույքով է համագործակցում նվագախմբի հետ: Անդրադառնալով Ռոմանտիկական կոնցերտին` շեփորահարը նշեց, որ այն գրված է նվագախմբի մեծ կազմի համար: «Այն խորհրդային դասական երաժշտության անհայտ գործերից է և հազվադեպ է կատարվում աշխարհում: Համոզված եմ, որ Հայաստանում կոնցերտը մեծ արձագանք կստանա»,-շեշտեց նա: 

Խոսելով հայ կոմպոզիտորների մասին` երաժիշտը խոստովանեց, որ 14 տարեկանում նվագել է Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտն ու հեղինակավոր մրցանակի է արժանացել: «Ամեն տարի երկու կամ երեք անգամ կատարում եմ այն: Փորձում եմ շեփորով կատարել Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը»,-ասաց Ռայնհոլդ Ֆրիդրիխն ու հավելեց, որ մեծ սեր է տածում դեպի Հայաստանն ու սիրում մեր երկրի օդը: 

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կտևի մինչ հոկտեմբերի 25-ը: Հայաստանից և ամբողջ աշխարհից 16 բարձրակարգ երաժիշտ ներկայացնելու է շուրջ 13 սիմֆոնիկ և կամերային համերգ: Անցկացվելու են անվճար վարպետության դասեր:

Փառատոնի շրջանակում  երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել մեր ժամանակների լավագույն դիրիժորներից Անդրեյ Բորեյկոյին, իտալացի ջութակահարուհի Աննա Տիֆուին, հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարաթիին և ֆրանսիացի դիրիժոր Պոլ-Էմանուել Թոմային, դաշնակահարներից Ֆրեդդի Քեմփֆին, որը գերմանացի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխին: Նախատեսվում են համերգներ նվիրված ՀՀ Անկախության օրվան, Արամ Խաչատրյան համերգասրահի անվանակոչման 40-ամյակին, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, Չեխոսլովակիայի Անկախության 101-րդ տարելիցին և այլ համերգներ:

Փառատոնն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]