Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պետական միջոցառումներ կազմակերպելիս նախկինում բյուջեի անարդյունավետ ծախսեր են թույլ տվել. Աղաջանյան

Պետական միջոցառումներ կազմակերպելիս նախկինում բյուջեի անարդյունավետ 
ծախսեր են թույլ տվել. Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ նախկինում կազմակերպված պետական միջոցառումներում բյուջեի միջոցների անարդյունավետ ծախս է տեղի ունեցել: Աղաջանյանն այս մասին հայտնեց սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշելով, որ Անկախության 28-ամյակի նվիրված միջոցառումների անցկացման համար հատկացվել է շուրջ 220 մլն դրամ:

«Նախկինում մասշտաբներով շատ ավելի փոքր միջոցառումների համար դեպքեր են գրանցվել, որ ավելի մեծ ֆինանսական միջոցներ են հատկացվել: 2018թ. Սարդարապատի միջոցառման համար նախատեսված միջոցների շրջանակում միայն հրապարակում տեղի ունեցած գալա համերգի համար պետական բյուջեից տրամադրվել է 425 մլն դրամ, այս տարվա մեր գալա բեմը միայն, որն, ըստ իմ տեղեկության, նույն մարդիկ են տեղադրում և լինելու է աննախադեպ, արժենալու է ընդամենը 33 մլն դրամ: Հանրային միջոցների անարդյունավետ ծա՞խս է. միանշանակ` այո»,- ասաց Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ խնդիր կա, սակայն իրավական տեսանկյունից ոչինչ անել չեն կարող:

«Ես դրանով դեռ հետաքրքրվել եմ մեկ տարի առաջ, երբ 2018թ.-ին էինք նույն միջոցառումը կազմակերպում, և այդ գումարային տարբերությունն իմ ուշադրության կենտրոնում էր: Օրենքի տեսանկյունից որևէ ապօրինություն և օրենքի խախտման դրվագ հնարավոր չէ գտնել այդ գործընթացում, որովհետև օրենքով սահմանված է մեկ անձից գնման ընթացակարգ, որն էլ տեղի է ունեցել, և ինչ-որ ծառայությունների մատուցման համար թվեր են եղել, որոնք ուռճացված են եղել, բայց այդ ընթացակարգը մեր օրենքը թույլ է տալիս: Խորհրդակցելով նաև իրավաբանների հետ, մենք եկանք եզրահանգման, որ իմաստ չունի այդ ուղղությամբ որևէ գործընթաց սկսել»,- նշեց նա:

Աղաջանյանի խոսքով` կա խնդիր, որտեղ պետք է գտնել ինստիտուցիոնալ մակարդակով լուծումը:

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից շուրջ 220 մլն դրամ է հատկացվել: Սեպտեմբերի 21-ի անկախության տոնին նվիրված հիմնական միջոցառումները Գյումրու կենտրոնական զբոսայգում մեկնարկելու են ժամը 11:00-ին: Մինչև ժամը 23:00-ն այդ զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երևանում հայտնի բարերն ու սրճարանները: Քաղաքի կենտրոնում կկազմակերպվեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես` վինիլ, էլեկտրոնային, ռոք, ջազ, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար: Անկախության տոնին նվիրված միջոցառումներ կազմակերպվելու են նաև Երևանում և Հայաստանի այլ մարզերում: Ողջ օրվա ընթացքում տեղի են ունենալու հանրային քննարկումներ, կինոդիտում, ցուցադրություններ և ցուցահանդեսներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]