1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արփի լիճ» ազգային պարկում տեղադրվել են տեսահսկման սարքեր

«Արփի լիճ» ազգային պարկում տեղադրվել են տեսահսկման սարքեր

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Արփի լիճ» ազգային պարկում ավարտվել է ներքին ցանցի ձևավորման աշխատանքների առաջին փուլը, որով պարկի տարածքում տեղադրված տեսախցիկների մեծ մասը միացվել է տեսահսկողության միասնական ցանցին: Սա հնարավորություն է տալիս  էականորեն բարձրացնել կապի որակը, հետևաբար նաև՝ պարկի պահպանության և կառավարման մակարդակը:

Պարկում դեղին կոկոռի պոպուլյացիայի պահպանության համար նախորդ տարի կառուցվել են պատվարներ, հիմնվել է նաև ջերմոց: Այս, ինչպես նաև  այլ աշխատանքներ իրականացնելու համար Կովկասի բնության հիմնադրամը /CNF/  2019 թ. ֆինանսական տարվա համար «Արփի լիճ» ազգային պարկին փոխանցել էր 40 հազար եվրո, առաջիկա օրերին նախատեսվում է նույն չափի երկրորդ փոխանցումը: «Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ազգային պարկի ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվում են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, գնվել  են վառելիք, պահեստամասեր, արտահագուստ, վճարվել են կոմունալ և այլ ծառայությունների գումարները, ձեռք են բերվել տեսախցիկներ, ներդրվել են նորարարական տեխնոլոգիաներ, կատարվել են այլ ծախսեր, որոնք անհրաժեշտ են ազգային պարկի արդյունավետ աշխատանքի համար»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արման Վերմիշյանը՝ հավելելով, որ  CNF-ի միջոցներով «Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենքի տանիքին տեղադրվել են արևային էներգիայի ստացման համակարգեր, մասնավորապես, էլեկտրաէներգիա գեներացնող արևային էլեկտրակայան և տաք ջրի ստացման արևային ջերմային կայան: Համակարգը ավելի քան 25 տարի կարող է ծառայել՝ ապահովելով ֆինանսների խնայողություն և մեծապես նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը: Սեպտեմբերին  կայանը միացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին: «Մենք հիմնադրամի առաջին իսկ օրվանից աշխատել ենք «Արփի լիճ» ազգային պարկի հետ: Մինչ  այսօր մոտ կես միլիոն եվրո գումար ներդրում ենք  այստեղ իրականացրել և ֆինանսավորել ենք հիմնականում ընթացիկ ծախսերը, դրա  շրջանակում իրականացրել ենք նաև զարգացման ծախսեր՝ ջերմոց, արևային ջերմային կայան, տեղադրվել տեսախցիկներ և այլն: Հաջորդ փուլի համար պետք է ավելի ու ավելի զարգացնենք տեսահսկման համակարգը: Այն փորձը, որ մենք իրականացրինք՝ ներքին ցանցի ստեղծմամբ, ուժեղացնելու  ենք՝ դրան պետք է ավելացնենք անօդաչու սարքեր, ֆոտաթակարդներ և, անհրաժեշտության դեպքում, սենսորային համակարգեր»,- նշեց Արման Վերմիշյանը՝ հավաստելով, որ սրանով որսագողությունը կպակասի: «Բնականաբար, ասել,  որ 100 տոկոսով որսագողությունը կբացառվի սխալ կլինի, քանի որ հատկապես գիշերով դա դժվար է, բայց այն, որ էականորեն որսագողությունը կնվազի, դա  հստակ է»:

Տեղադրված տեսախցիկներն աշխատում են ներքին ցանցով: Դրանք  եզակի են այն առումով, որ չեն խանգարում էկոհամակարգին և բնապահպանության գոտուն, չեն խանգարում թռչուններին ու միջատներին նորմալ բազմանալ ու տեղաշարժվել: «Այս պահին «Արփի լճում» տեղադրել ենք 5 կետ, որոնք անխափան աշխատում են արդեն 1 ամիս: Ծրագիրը պիլոտային է: Հետագայում ունենք պահպանվող գոտու հսկվող տարածքը մեծացնելու հնարավորություն, որը կհեշտացնի էկոհամակարգի բազմացման մոնիտորինգը և կկանխի որսագողությունը: Տեսախցիկների միջոցով աշխարհի ցանկացած կետից հնարավոր է վերահսկել տարածքը: Ի դեպ, հաշվի առնելով տարածքի բնակլիմայական պայմանները, անտենաներն  աշխատում են – 55 մինչև + 55 աստիճան ջերմաստիճանի, իսկ տեսախցիկները -45-ից +45 աստիճանի  դեպքում: Հուսանք՝ այս պիլոտային ծրագիրը կդառնա լուրջ շարունակական ծրագիր»,- տեղեկացրեց տեսահսկման համակարգի պատասխանատու Ռուբեն Աղաջանյանը:

Կովկասի բնության հիմնադրամը 10 տարի արդեն Հայաստանում աջակցություն է  ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ներկայում կառույցն  աշխատում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում, «Դիլիջան» և  «Արփի լիճ» ազգային պարկերում, Արփա, նախկին՝ Գնիշիկ պահպանվող լանդշաֆտում:

«2017 թվականից սկսած բավական լուրջ աշխատանքներ են իրականացվել Կովկասի բնության հիմնադրամի կողմից: Հիմնադրամի միջոցներով տեղադրված տեսահսկման համակարգը բավական հեշտացրել է մեր տեսուչների աշխատանքը, մյուս ամենալուրջ ծրագիրը արևային համակարգի ու ջրատաքացուցիչների տեղադրումն է: Ներկա պահին ուսումնասիրում ենք լճի պաշարները՝ հասկանալու, թե ինչ կա այնտեղ, քանի որ երկար ժամանակ լիճը չի ուսումնասիրվել, և լճի կենդանական աշխարհի վերաբերյալ լուրջ տեղեկատվություն չունեք: Արդյունքները կունենանք մինչև հոկտեմբերի վերջ»,- նշեց «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանը:

«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում։ Ազգային պարկը զբաղեցնում է 21179 հա տարածք։ Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում: Ազգային պարկը  գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրն է Հայաստանում և Դարևսկու իժի միակ ապրելավայրն աշխարհում:

Տարածքում կան շուրջ 670 տեսակի բույսեր, այն ապրելավայր է 255 տեսակ ողնաշարավոր կենդանիների համար:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]