Հասարակական

Առողջապահության նախարարությունը նախատեսում է ստեղծել արյան պաշարների կենտրոնացված ռեեստր

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունը նախատեսում է ստեղծել արյան պաշարների կենտրոնացված ռեեստր

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է արյան պաշարների կենտրոնացված ռեեստր ստեղծել, ինչպես նաև բաշխման համակարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս քայլին ենք գնում, քանի որ սոցիալական ցանցերում նկատել ենք՝ քաղաքացիները հաճախ գրում են իրենց X քանակությամբ արյան անհրաժեշտ լինելու մասին: Մենք դա համարում ենք ոչ ճիշտ և անթույլատրելի: Այս դեպքում քաղաքացին զերծ կլինի նմանատիպ գործերին խառնվելուց»,- նշեց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հիվանդանոցների պատասխանատուները կունենան հասանելիություն այդ համակարգին և արյան կարիքի դեպքում անձամբ կարող են գնալ և արյունը ստանալ:

«Հիվանդանոցից կարող է բժիշկը գնալ այդ կենտրոն և վերցնել արյունը կամ պատվիրել կենտրոնացված ռեեստրում, որտեղ կա տվյալ արյունը: Այս դեպքում կբարձրացվի ծառայությունների որակը՝ քաղաքացին սեփական մեքենայով չի տեղափոխի անհրաժեշտ արյունը, ինչպես նաև կավելանա փնտրելու արագությունը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը:

Թորոսյանն ընդգծեց, որ փնտրելու համակարգի խնդիր է մշտապես եղել, այլ ոչ՝ արյան պաշարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում