Սևան թափվող 5 գետ աղտոտված է կենսածին նյութերով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգ է իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարը հայտնում է, որ Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետ, Ծակքար, Շողվագ, Մասրիկ և Արգիճի գետերը:
«Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաև գյուղատնտեսական հոսքաջրերը: Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն»,- գրել է նախարարը: