Հասարակական

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մեկնաբանել է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցները հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մեկնաբանել է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցները հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ կապ հաստատելով Սոչիի միջազգային օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվություն է ստացել հուլիսի 31-ին օդանավակայանի հայ աշխատակիցների այն հայտարարության վերաբերյալ, թե խտրականություն դրսևորելով նրանց ազատում են աշխատանքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջից:

Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։

Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում։

Երկու օր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցները հայտարարություն էին տարածել, որում ասված էր, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից ազատում են ազգությամբ հայ աշխատողներին:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը հարցում էր կատարել Սոչիի օդանավակայան, ինչին ի պատասխան հայազգի աշխատակիցների հայտարարությունում տեղ գտած մեղադրանքները հերքվել են: Օդանավակայանից էլ նշել են, որ օդանավակայանի անձնակազմը բազմազգ է, և կադրային քաղաքականությունը ընկերությունում համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում