Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դոնալդ Տուսկի այցը և հիմնական շեշտադրումները

Դոնալդ Տուսկի այցը և հիմնական շեշտադրումները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային այցի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ  Դոնալդ Տուսկը հուլիսի 9-ին Բաքվում էր, հուլիսի 10-ին՝ Երևանում, իսկ հուլիսի 11-ին կլինի Վրաստանում: Սա կարելի է համարել հեռացող եվրոպաշտոնյայի վերջին այց տարածաշրջան, քանի որ, ինչպես հայտնի է, նոյեմբերին Տուսկին կփոխարինի Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Դ. Տուսկի այցի հիմնական նպատակն է ամփոփել տարածաշրջանի երեք երկրների հետ ԵՄ համագործակցությունը, ինչպես նաև մասնակցել հուլիսի 11-ին կայանալիք Բաթումի 16-րդ միջազգային համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին:

Հատկանշական է, որ Բաքվում և Երևանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Դ. Տուսկի հայտարարությունները գրեթե նույնական էին: Նրա ելույթներում կարելի է առանձնացնել մի քանի շեշտադրում.

  1. Հակամարտությունը ռազմական լուծում չունի և այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
  2. Եվրամիությունը շարունակում է լիարժեքորեն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ գտնելու արդար և տևական հանգուցալուծում՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքներից:
  3. Եվրամիությունը կարևորում է բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը և պատրաստակամ է իր ներդրումն ունենալ մարդասիրական բնույթի խնդիրների կարգավորման հարցում:

Եվրոպական խորհրդի նախագահի կողմից նման շեշտադրումներն, անշուշտ, բավական  կարևոր են, և կարելի է արձանագրել, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Տուսկի շեշտադրումները համահունչ են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ) ամրագրած ԵՄ հավասարակշռված դիրքորոշմանը: Չնայած այդ հանգամանքին՝ որոշակի տարակուսանք է առաջացնում Բաքվում Տուսկի կողմից արված այն շեշտադրումը, որ ԵՄ-ն աջակցում է «Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»: ԵՄ տարբեր պաշտոնյաների կամ ԵՄ փաստաթղթերում նախկինում ևս նմանատիպ ձևակերպումներ եղել են, այնուամենայնիվ հեռացող Տուսկի կողմից նման հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Բաքվին ուղղված «հաճոյախոսություն» և ոչ ավելին: Այդ մասին է վկայում նաև այն, որ իր ելույթում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Տուսկն հստակ ընդգծել է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, որոնցից հատկապես կարևորվում են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության,  սկզբունքները:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Տուսկի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Երևանի և Բրյուսելի միջև առկա է բավական բարձր մակարդակի փոխըմբռնում, ինչն, անշուշտ, կարևոր է երկկողմ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շարքում կարելի է առանձնացնել, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի և  մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման խնդիրները, որոնց հետ կապված եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել տրամադրել փորձագիտական օժանդակություն և լրացուցիչ ռեսուրսները մոբիլիզացնել:

Երկկողմ համագործակցության շրջանակներում բավական կարևոր է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ հունիսին հաստատված ճանապարհային քարտեզի համաձայն: Սակայն, ՀԸԳՀ ամբողջական կիրարկման համար անհրաժեշտ է, որ այն վավերացվի ԵՄ բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից, ինչի մասին իր խոսքում կարևորեց նաև ՀՀ վարչապետը:

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ հայտարարություններից կարելի է ենթադրել, թե ՀՀ-ԵՄ փոխգործակցության շրջանակներում նախատեսվում է առավել մեծ ուշադրություն դարձնել բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներին: Այս առումով բավական խորհրդանշական է Տուսկի այցը Սևանա լիճ, որի բնապահպանական վիճակը դարձել է մասնագետների մտահոգության լուրջ առարկա:

Ամփոփելով կարող ենք նշել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են բավական դինամիկ՝ հիմնված բարձր մակարդակի փոխըմբռնման և շահագրգռվածության վրա: Այնուամենայնիվ, բավական կարևոր է, որ ԵՄ ղեկավար կազմի փոփոխությունը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի փոփոխությունը ոչ միայն չազդեն երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերի վրա, այլ հակառակը՝ դառնան նոր ազդակներ:

Նարեկ Մինասյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]