Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անձնագրային ծառայություններում մինչև տարեվերջ կլինեն հերթագրման սարքեր, սպասվում են փոփոխություններ

Անձնագրային ծառայություններում մինչև տարեվերջ կլինեն հերթագրման սարքեր, 
սպասվում են փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերի խնդիրը ղեկավարության ուշադրության կենտրոնում է: ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախ դա պայմանավորված է հանգստի սեզոնին դիմող քաղաքացիների թվի նկատելի ավելացմամբ: Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները հանգստի կազմակերպման հետ կապված փաստաթղթային հարցերը կարգավորելու գործընթացը թողնում են վերջին օրերին: Ամռան ամիսներին են դիմում անձնագրեր ստանալու կամ փոխելու համար:

«Մենք հայտարարություններ ենք տարածում, որ քաղաքացիներն առավել վաղ ուշադրություն դարձնեն իրենց փաստաթղթերին: Պարբերաբար միջոցներ ենք ձեռնարկում, որ ծառայության մատուցման որակը բարձրանա և հերթեր չառաջանան: Գործընթացը բաժանվում է երկու հիմնական մասի իրավական և տեխնիկական: Նախորդ տարի ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական, ըստ որի՝ անձնագիր ստանալու կամ փոխանակելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու, անձնագրում վավերականության նշում կատարելու համար քաղաքացին կարողանա դիմել ցանկացած անձնագրային ծառայություն: Օրինակ, եթե բնակվում է Գյումրիում, բայց հաշվառված է Երևանում, ապա դա խոչընդոտ չէ, որ քաղաքացին կարողանա դիմել տվյալ վայրի անձնագրային ծառայություն»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Անձնագրային ծառայություններում ոչ միայն մատուցում են անձնագիրը տրամադրելու, փոխանակելու ծառայություններ, այլև այլ ծառայություններ, օրինակ, անձի հաշվառման մասին տեղեկանքի տրամադրում: Ներկայում այդ գործընթացն իրականացվում է ավելի բարդ ընթացակարգով: Քաղաքացին դիմում է ներկայացնում, այնուհետև հաշվառման տեղեկանք-բլանկն է ձեռքով լրացնում: Այս գործողությունը ժամանակատար է, հերթեր են գոյանում, դրանից բացի, քաղաքացու համար առաջացնում է դժվարություն, նա երկու անգամ է այցելում անձնագրային ծառայություն: Ներկայում շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում  է այդ գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Ամբողջ գործընթացը կիրականացվի ավտոմատացված եղանակով, ինչն էլ զերծ կպահի հերթերից:

Մյուս խնդիրը կապված է տեղերում պատճենահանման սարքերի բացակայության հետ: Մնացական Բիչախչյանը նշեց, որ ոստիկանապետի հանձնարարությամբ Երևան քաղաքի բոլոր անձնագրային ծառայություններին արդեն տրամադրվել են պատճենահանող սարքավորումներ:

«Քաղաքացուց այլևս չի պահանջվելու հերթից դուրս գալ, գնալ որևէ տեղ փաստաթուղթը պատճենահանելու: Տեղում իրականացվելու է գործընթացը, առանց քաղաքացու համար ավելորդ ծանրաբեռնվածություն ստեղծելու: Լրացուցիչ միջոցներ ստանալու համար նախատեսել ենք կառավարության որոշման նախագիծ, որպեսզի ֆինանսական հարցերի կարգավորման պարագայում մյուս անձնագրային ծառայությունները ևս ապահովվեն պատճենահանման սարքավորումներով»,-ասաց նա:

Մյուս ծրագիրը, որը զերծ կպահի որոշակի անհարմարություններից, դժգոհություններից, հերթագրման սարքերի տեղադրումն է: Ներկայում շրջանառության մեջ դրված կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում 35 մեծ անձնագրային ծառայությունում կտեղադրվեն հերթագրման էլեկտրոնային սարքավորումներ: Դրա համար պետությունը գումար չի ծախսի: Կոնկրետ կազմակերպության կողմից սարքավորումները կտեղադրվեն անվճար: Նախատեսվում է, որ այս տարվա վերջ հերթագրող սարքավորումները կտեղադրվեն:

Դրանից բացի, տերմինալների վրա կտեղադրվեն մանրը վերադարձնող սարքավորումներ: Ցանկացած տեսակի գործարք կատարելուց  սարքավորումը քաղաքացու մանրը կվերադարձնի: Այդ նախագծի շրջանակում պետական տուրքի միջնորդավճարը կլինի 100 դրամ՝ ցանկացած չափի վճարի դեպքում:

«Հանրային ծառայությունը զարգացող գործընթաց է, պետք է անընդհատ քայլեր ձեռնարկել, փոփոխություններ կատարել կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, քաղաքացիների համար ավելի մատչելի ծառայություններ մատուցելու, հերթերից զերծ մնալու համար: Գործողությունների մեծ պլան է կյանքի կոչվում, որի իրագործման պարագայում տարեցտարի կունենանք որակյալ ծառայություն»,-ասաց Մնացական Բիչախչյանը:  

Անձնագրային և վիզաների վարչության պետը նշեց, որ նոր բիոմետրիկ համակարգի ներդրման համար նախատեսված մրցույթն ընթացի մեջ է: Նախաորակավորման փուլ է անցել 6 կազմակերպություն: Գործընթացի հիմնական կազմակերպիչն է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակը: Հաղթող կազմակերպությունը կներդնի նոր բիոմետրիկ համակարգ: Արդյունքում քաղաքացիները կունենան ավելի որակյալ անձնագիր, նախատեսված է, որ լուսանկարով էջը լինի պլաստիկից:

Անդրադառնալով քաղաքացիներից ստացված զանգերին ու դիմումներին՝ Մնացական Բիչախչյանը նշեց, որ դրանք հիմնականում տեղեկատվական հարցեր են, բողոքներ գրեթե քիչ են: Շատացել են քաղաքացիություն ստանալու վերաբերյալ հարցերը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]