Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ գազի սակագնի վերաբերյալ կհաջողվի Ռուսաստանի հետ կշռադատված որոշման հանգել

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ գազի սակագնի վերաբերյալ կհաջողվի Ռուսաստանի հետ կշռադատված որոշման հանգել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ գազի սակագնի վերաբերյալ Ռուսաստանի հետ ձեռք կբերվի համաձայնություն, և գինը կլինի այնպիսի, որը չի խոչընդոտի Հայաստանի հետագա տնտեսական զարգացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստից հետո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել է ինտենսիֆիկացնել բանակցությունները՝ միասնական որոշման հանգելու համար:

«Ես ասացի իմ ելույթում , որ ներկայումս Հայաստանում բավական լավ տնտեսական դինամիկա է նկատվում, բարձրաձայնեցի վիճակագրական տվյալները: Սա կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև Եվրասիական տնտեսական միության համատեքստում, քանի որ ԵԱՏՄ-ն միասնական շուկա է և միասնական տնտեսական տարածք: Այն գործոնները, որոնք ազդում են ապրանքների և արտադրանքի ինքնարժեքի վրա, պետք է հավասարակշռված լինեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ օրինակ, եթե գազի սակագինը ԵԱՏՄ տարածքում մի վայրում ցածր լինի, մեկ այլ վայրում՝ բարձր, ապա դա կխախտի հավասարակշռությունը և կհարվածի Միության բովանդակությանը:

«Այնպես որ, այստեղ անհրաժեշտ է շատ կշռադատված և իմաստուն որոշում: Հուսով եմ, որ մենք կկարողանանք նման որոշման հանգել»,- եզրափակեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում