1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը վերահաստատեց կոռուպցիայից զերծ դատական համակարգի ստեղծման հրատապ լինելը

Փաշինյանը վերահաստատեց կոռուպցիայից զերծ դատական համակարգի ստեղծման 
հրատապ լինելը

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում անդրադարձավ Հայաստանում մեկնարկած դատական համակարգի բարեփոխումների գործընթացին։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` վարչապետը նշեց, որ երկրի տնտեսական և քաղաքական միջավայրի առողջացման համար ֆունդամենտալ խնդիր է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բացակայությունը։ «Հայաստանը դեպի ծով ուղիղ ելք չունեցող, տնտեսական և բնական սահմանափակ ռեսուրսներով ու աշխարհագրական բարդ դիրք ունեցող երկիր է՝ լոգիստիկ միջանցքների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունների տեսանկյունից: Բոլոր այս բարդությունները ինչ-որ ձևով մեզ խթանում են մշտական գործողությունների՝ միտված մրցունակությանն ու արդյունավետությանը: Ի՞նչ է դա նշանակում մեզ համար: Դա առաջին հերթին պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Կարող եմ վստահաբար ասել, որ այս առումով մեզ արդեն հաջողվել է զգալի արդյունքների հասնել: Արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան: Նվազագույնի են հասցվել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիայի գործունեությունը։ Սակայն մեր երկրի տնտեսական և քաղաքական միջավայրի առողջացման ընթացքում մենք կանգնեցինք ֆունդամենտալ բնույթի խնդրի առաջ: Ի տարբերություն իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի, որոնցում նկատվում է ինստիտուտների օպտիմիզացիայի որակյալ առաջընթաց, դատական իշխանությունը չենթարկվեց որևէ զգալի վերափոխման: Արդյունքում դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության հսկայական բաց կա, ինչը իր հերթին լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ կապիտալը պաշտպանելու, տնտեսական գործունեության համար հավասար պայմաններ ստեղծելու, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայր ձևավորելու բոլոր ջանքերը չեն հանգեցնի ցանկալի արդյունքի, եթե դատական իշխանությունը որակական վերափոխումների չենթարկվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դատաիրավական համակարգում առկա կոռուպցիան համատեղելի չէ տնտեսական զարգացման և առաջընթացի հետ։ «Իսկապես անկախ, կոռուպցիայից զերծ դատական համակարգի ստեղծումն այսօր հրատապ խնդիր է մեր հասարակության համար, կառավարության համար՝ բարեփոխումների ռազմավարության առաջնահերթություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Նիկոլ Փաշինյանը Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել նաև Ռուսաստանի հայ համայնքի, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: ՀՀ վարչապետն այցի վերջում հանդես կգա մամուլի ասուլիսով: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]