Հասարակական

Իտալիայի Ուդինեի համալսարանի ու ՃՇՀԱՀ-ի միջև համագործակցությունը նոր թափ է ստանում

2 րոպեի ընթերցում

Իտալիայի Ուդինեի համալսարանի ու ՃՇՀԱՀ-ի միջև համագործակցությունը նոր թափ է ստանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտակրթական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը գնալով ընդլայնվում է։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, Իտալիայի Ուդինեի համալսարանի ու ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) միջև համագործակցությունը նոր թափ է ստանում։

2019-ի հունիսի 6-ին ՃՇՀԱՀ-ում Իտալիայի Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնի և ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը վավերացրին «Ուսանողների փոխանակման մասին» համաձայնագիրը, որը նաև ԵՄ «Էռազմուս+» ծրագրի շրջանակներում է։ Համաձայնագրի հիմնական նպատակն է կրթության և հետազոտության ոլորտներում իրականացնել Ուդինեի համալսարանի շինարարության և ճարտարապետության ուսումնական պլաններով ուսումնառող ուսանողների և ՃՇՀԱՀ-ի ուսանողների փոխանակում։

«Ուրախ ենք լինել Հայաստանում և հատկապես ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանում։ Մեր համագործակցությունը ինտենսիվ զարգանում է և ընդլայնում է հետաքրքրությունների շրջանակը»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ասաց Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնին։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նախորդ ծրագրերի արդյունքներին և քննարկեցին հնարավոր նոր ծրագրերի շուրջ համագործակցության ուղղությունները։

«Իտալիայի շինարարության և ճարտարապետական դպրոցների և համալսարաննների հետ մեր համագործակցությունը տասնյակ տարիների պատմություն ունի։ Համոզված եմ, որ Ուդինեի համալսարանի հետ այս նոր համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի երկու համալսարանների ուսանողների և դասախոսների համար ծրագրերի, մշակույթի ընկալման առումով, ինչը հետագայում կարտացոլվի ուսանողների աշխատանքներում»,- ողջունելով ներկաներին՝ ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը։

Ուդինեի համալսարանի հետ ՃՇՀԱՀ-ի համագործակցությանը սկիզբ դրվեց 2015-ին Վենետիկում՝ ՃՇՀԱՀ-ի կողմից հեղինակած «Հայկական պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» խորագրով միջազգային գիտաժողովում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում