Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել


ՀՌՈՄ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, ով նաև Եվրոպական խորհրդարանի փոխնախագահն է, հայտարարել է, որ հպարտ է Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր ունեցած ներդրման համար: Հռոմում լիբանանցի համայնքի հետ հանդիպմանը նա նշել է, որ Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության դատապարտման, այդ երկրի կառավարությանը հղված՝ ճանաչման կոչի և հարցին միջազգային հնչեղություն տալու անհրաժեշտության բարձրաձայնման նախաձեռնողը  օրենսդիր մարմնում ձայների մեծամասնություն ունեցող ուժն է՝ «Հինգ աստղ շարժումը» (M5S): Նրա խոսքով՝ նախկինում Իտալիայում կառավարող ուժերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերը գերադասում էին արդարությանն առերեսվելուց, իսկ խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժը հավատարիմ է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և Թուրքիայից նույնն անել պահանջող իր քաղաքականությանը:

«Մենք նաև Եվրոպական խորհրդարանում կլինենք լսելի ձայն՝ հայ ժողովրդի արդար խնդիրը բարձրաձայնելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:

Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն: Բանաձևի օգտին քվեարկել է 382 պատգամավոր, դեմ չի եղել, ընդդիմադիր «Առա՛ջ Իտալիա» կուսակցության 43 պատգամավորները ձեռնպահ են եղել:

2000թ. Իտալիայի Պատգամավորների պալատը ընդունել էր որոշում, որը կոչ էր անում կառավարությանը հետամուտ լինել այդ տարածաշրջանի ժողովուրդների և փոքրամասնությունների միջև եղած լարվածությունների թուլացմանը՝ նպատակ ունենալով պայմաններ ստեղծել խաղաղ համակեցության և մարդու իրավունքների պաշտպանության համար։ Այդ առումով գնահատականը ավելի ընդհանրական էր և չէր պարունակում ուղերձ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ 2019թ․ ապրիլի 10-ի որոշումը իր բնույթով հասցեական ուղերձ է պարունակում։ Այն կոչ է անում Իտալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան միջազգային հնչեղություն հաղորդել։

Եվրախորհրդարանը 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին վերահաստատել է 1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան:

Թալալ Խրայիս




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ