Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանը վարչական դատարան է դիմել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումը, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 3-ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցադիմումը մակագրվել է մայիսի 23-ին՝վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին:

Կոնստանտին Օրբելյանը դիմել է նաև քաղաքացիական հայցով՝իրավունքը ճանաչելու, հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և պարապուրդի գումար վճարելու պահանջով: Այս հայցը ևս մակագրվել է մայիսի 23-ին՝Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին, պատասխանող կողմ են ճանաչվել ՀՀ մշակույթի նախարարությունը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

«Արմենպրես»-ը փորձեց մեկնաբանություն վերցնել նաև ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանից, ով նշեց, որ իր տեղեկություններով Կոնստանտին Օրբելյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ առ այն, որ նա իրավունքի խախտմամբ է իրեն նշանակել նախարարի պաշտոնակատարի պաշտոնում: «Ես նախարար նշանակված չեմ: Նախարար նշանակում է նախագահը, ես եղել եմ և շարունակում եմ զբաղեցնել մշակույթի փոխնախարարի պաշտոնը  և պաշտոնավարել եմ որպես փոխնախարար, նախարարի տեղակալ և ստանում եմ նախարարի տեղակալի աշխատավարձ, որի վրա հունվարի 14-ից դրված է նախարարի պարտականությունները»,-ասաց Ղարիբյանը, հավելելով,  որ մշակույթի նախարարությունը հունվարի 14-ից չունի նախարար, և նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրված են իր վրա, սակայն ինքը շարունակում  է լինել փոխնախարար:

Հարցին, թե պարոն Օրբելյանի հետ հանդիպել կամ խոսակցություն ունեցե՞լ է, Ղարիբյանը ժխտական պատասխան տվեց, նշելով, որ որպես գեղարվեստական ղեկավար Օրբելյանն այլևս իր հետ գործ չունի, այլ գործ ունի իր ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինե Կիրակոսյանի հետ:

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի օգոստոսի 3-ին:

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանը 2019 թվականի մարտի 29-ին ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետի հայերենին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ