Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայի նախկին վարչապետից մինչև Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական. Հայաստանը հյուրընկալում է «Մտքերի գագաթնաժողով»-ը

 Ֆրանսիայի նախկին վարչապետից մինչև Օբամայի անվտանգության հարցերով 
խորհրդական. Հայաստանը հյուրընկալում է «Մտքերի գագաթնաժողով»-ը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր պաշտոնապես հաստատել են մասնակցությունն առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds):

«Մտքերի հայկական գագաթնաժողով» (Armenian Summit of Minds) անվանումն ստացած միջոցառումը տեղի կունենա հունիսի 7-9-ը Դիլիջանում: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման մասնակիցների շարքում են 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան (Jan-Marc Lischka), Ֆրանսիական THALES ընկերության  փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ և տնօրեն Ուիլյամ Փարկերը և այլք:

Գագաթնաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումներ են կազմակերպվելու մասնավորապես՝ «Աշխարհաքաղաքականությունն ու զարգացումը», «Բարձր տեխնոլոգիաներն ու կառավարումը», «Բազմազանության արժեքը», «Ձեռնարկատիրություն և նորարարություն», «Սոցիալական ձեռնարկատիրություն», «Էներգետիկան, արժույթները և ներդրումային քաղաքականությունն ու շուկաները», «Բարելավելով Հայաստանի ներդրումային միջավայրը», «Քաղաքակրթությունների երկխոսություն», «21-րդ դարի առաջնորդությունը» խորագրերով:

Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է «Մտքերի գագաթնաժողովը» ֆրանսիական Շամոնիից դուրս:

Ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները՝ գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից: Մեր երկրում նմանօրինակ միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցը միայն դրականորեն կազդեն Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման վրա:

Դիլիջանում անցկացվող միջոցառման կարևոր առանձնահատկություններից մեկը ծրագրի հարուստ մշակութային մասն է, այդ թվում՝ այցելությունները Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ գագաթնաժողովի մասնակիցներին մեր երկրի և ժողովրդի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]