Հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 5-րդ մամուլի ասուլիսը տևողությամբ ու հարցերի քանակով գերազանցեց նախորդներին

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 5-րդ մամուլի ասուլիսը տևողությամբ ու հարցերի քանակով գերազանցեց նախորդներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնավարման մեկ տարին ամփոփելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսը տևեց հինգուկես ժամ` այդպիսով գերազանցելով նախորդ 4 ասուլիսներին իր տևողությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրված ասուլիսի սկզբում ներկայացրեց 100 փաստ Նոր Հայաստանի մասին, այնուհետև պատասխանեց 60-ից ավելի հարցերի:

Ասուլիսի ընթացքում վարչապետին տրված հարցերը վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններին, երկրում ընթացքող դատաիրավական գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, սահմանային լարվածությանը և մի շարք այլ թեմաների:

Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ 10:30-ին սկսված մամուլի ասուլիսն ընդհատել միայն 16:00-ին, երբ նշեց, որ պետք է ուղևորվի Ազգային ժողով` մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին:

Վարչապետը նշեց, որ մամուլի ասուլիսը դադարեցնելու ցանկություն չունի, սակայն ստիպված է:

«Սա էլ իմ երազանքի ասուլիսը չստացվեց, քանի որ պետք է Ազգային ժողովում մասնակցեմ հարցուպատասխանին: Իմ երազանքների ասուլիսն այն է, որ վերջին լրագրողն այստեղից դուրս գա, գնա, էլ մարդ չլինի, ես ամենավերջինը գնամ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հաջորդ մամուլի ասուլիսները մարզերում անցկացնելու մտադրություն ունի, և հնարավոր է, որ առաջինը կայանա Շիրակի մարզում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում