ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետական մարմինների կողմից քաղաքացիների՝ այդ թվում նաև լրագրողների հարցումներին պատշաճ չպատասխանելու առիթով դիմումների թիվը 2017-ի համեմատ 2018-ին կրկնակի ավելացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և մարդու իրավունքների և ազատության պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և 2018-ի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
«Ինֆորմացիայի ազատության հետ կապված առանձին վերլուծություն է արվել։ Մասնավորապես 2017-ի համեմատ երկու անգամ աճել են 2018-ի բողոքները, որ պետական մարմինները պատշաճ չեն պատասխանում քաղաքացիների և լրագրողների հարցումներին: Իսկ 2016-ի համեմատ 2018-ի բողոքների թիվն աճել է 3 անգամ»,-ներկայացրեց Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ ներկայացված զեկույցում մեծ ուշադրություն են ցուցաբերել լրագրողների աշխատանքին: «Պետական մարմինը լրագրողին պետք է վերաբերի օրինավորության, բարեխղճության կանխավարկածով: Այսօր կա կարծրատիպ, թե լրագրողը խոչընդոտում է պետական մարմնի աշխատանքը։ Ես կարծում եմ, որ դա պետք է փոխել»,-ասաց Թաթոյանը:
Նա նկատեց, որ զուգահեռ պետք է շարունակաբար զարգանա լրագրողի պրոֆեսիոնալիզմի աստիճանը: Նա դա կարևորեց համատեղ համագործակցություն ապահովելու համար: