Հնդկաստանի Լանսերս միջազգային դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Գուրուգրամ քաղաքի Լանսերս միջազգային դպրոցը և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն ապրիլի 26-ին համատեղ կազմակերպել են Հայաստանին նվիրված միջոցառում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքում Լանսերս միջազգային դպրոցի աշակերտները ներկայացրել են Հայաստանի յուրաքանչյուր ոլորտ՝ սկսած հայոց պատմությունից մինչև հայ գրականություն, երաժշտություն, պար,կրոն, սպորտ և մշակութային ու ազգային խորհրդանիշեր: Բեմը զարդարված է եղել հայտնի հայորդիների լուսանկարներով: Աշակերտներից մեկը հայերենով արտասանել է հայ մեծագույն գրող ուբանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև բանաստեղծի կյանքից իրենց ընկերներին և ուսուցիչներին կենսագրական մանրամասներ հաղորդել: Ներկայացվել են նաև դրվագներ Կոմիտասի և Արամ Խաչատրյանի կյանքից:
Աշակերտների մյուս մասն էլ ներկայացրել է Հնդկաստանում հայկական համայքնի պատմական ներկայությանը վերաբերող փաստեր: Ծրագիրը զարդարել է «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի անդամ՝ Մելինե Մելիքյանի «Ուզունդարա»հայկական ավանդական պարը, ինչի շնորհիվ հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելավանդական պարի գեղեցկությունը:
Միջոցառման պատվավոր հյուրերն են եղել Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի նախկին դեսպան պարոն Աչալ Մալհոթրան:
Որպես երախտիք ի նշան համագործակցության՝ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն դպրոցին է նվիրել հայկական եռագույնը՝ հույս հայտնելով, որ այն իր ուրույն տեղը կգտնի դպրոցում ծածանվող այլ պետությունների դրոշների շարքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում