Հասարակական

Նոր վճարման համակարգ, նոր տրանսպորտ, նոր երթուղիներ. Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց հասարակական տրանսպորտի ոլորտի բարեփոխումները

6 րոպեի ընթերցում

Նոր վճարման համակարգ, նոր տրանսպորտ, նոր երթուղիներ. Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց հասարակական տրանսպորտի ոլորտի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը նոր տրանսպորտային համակարգով նախատեսվում է բեռնաթափել ուղևորահոսքն ու երթևեկությունը, նվազեցնել ծախսերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց հասարակական տրանսպորտի ոլորտի համակարգային բարեփոխումների նախագիծը, խոսեց վճարման համակարգի և գնային քաղաքականության փոփոխության, ինչպես նաև մետրոպոլիտենում իրականացվելիք փոփոխությունների մասին:

- Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտի համակարգային բարեփոխումների շրջանակներում ներկայացվել է մի նախագիծ: Ներկայումս ի՞նչ փուլում են գտնվում քննարկումները:

- 2015 թվականին Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին Երևանի քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել, որով ցանկություն հայտնեց, որպեսզի Երևան քաղաքն ունենա նոր տրանսպորտային ցանց: 2019 թվականի հունվարի 31-ին տրանսպորտային համակարգի վերաբերյալ վերջնական հաշվետվություն է ուղարկվել, որն այս պահին քննարկումների փուլում է: Համաձայն տրանսպորտային այդ նոր համակարգի նախագծի՝ այս երթուղային ցանցը սպասարկելու համար անհրաժեշտ է լինելու 850 ավտոբուս, որոնցից 254-ը լինելու են 18 մետր երկարությամբ: Դրանք սպասարկելու են այն ճանապարհները, որտեղ կա 3-ից ավելի երթևեկելի գոտի:

- Երևանում այսօր գործում են 69 միկրոավտոբուսային, 39 ավտոբուսային և 5 տրոլեյբուսային երթուղիներ: Նոր նախագծով նախատեսվում է կրճատե՞լ, թե ավելացնել: Խնդրում եմ, ներկայացրեք թվային տվյալներ:

- Ավտոբուսներ չեն ավելանալու, ընդհանուր շարժակազմը նվազելու է: Երթուղիները լինելու են հետևյալ կերպ՝ 30 սնուցող և 11 հիմնական, ինչպես նաև 5 տրոլեյբուս: Ընդհանուր առմամբ կլինի 41 գիծ և ևս մեկը՝ օդանավակայանի երթուղին սպասարկելու համար: Պահանջ է դրված, որպեսզի ծախսերը նվազագույն լինեն, հետևաբար բոլոր համարների երթուղային տաքսիները չեն անցնի օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանով: Կլինեն վարչական շրջաններից ինչ-որ երթուղիներ, որոնք ուղևորներին կտեղափոխեն որևէ կետ, ապա այդ ուղևորները տեղփոխ կիրականացնեն, օրինակ՝ նստելով 18-մետրանոց ավտոբուս և որոնք էլ նրանց կհասցնեն քաղաքի՝ իրենց հարմար հատված: Իհարկե, կլինեն այնպիսի երթուղիներ, որտեղ տեղփոխներ չեն լինի: Այս ամենն արվում է ուղևորահոսքն ու երթևեկությունը բեռնաթափելու և ծախսերը նվազեցնելու համար:

- Տրանսպորտային ցանցի փոփոխությունների հետ կապված արդյոք սպասվո՞ւմ է վճարման համակարգի փոփոխություն: Գնային քաղաքականությունը նախատեսվո՞ւմ է փոխել:

- Այս երթուղային ցանցով նախատեսվում է ունենալ միասնական վճարման համակարգ, ինչի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան տոմս ձեռք բերել հենց տեղում, ինչպես նաև կլինեն երթևեկության հատուկ քարտեր: Քաղաքացին հնարավորություն կունենա այդ քարտերը լիցքավորել և ամեն անգամ ստիպված չի լինի նորը գնել: Այս վճարման համակարգը կգործի և՛ վերգետնյա, և՛ ստորգետնյա երթուղիներից օգտվելիս: Ներկայիս վճարման համակարգը, երբ ուղևորը դրամը տրամադրում է վարորդին, այլևս չի լինի: Սակագնի փոփոխությունը կախված կլինի հանրության ցանկությունից: Այսինքն, եթե մենք ցանկանում ենք եվրոպական արտադրության ավտոբուսներ, ապա հնարավոր է գնի փոփոխություն: Այս պահին դեռևս գնի հաշվարկ չկա, քանի որ կախված կլինի այն պարկերից, որ մենք կունենանք՝ դրանց սպասարկող անձնակազմի աշխատավարձից, ավտոմեքենաների սպասարկումից: Այդ բոլոր հաշվարկներից ելնելով՝ հնարավոր կլինի սակագինը որոշել:

-Նոր ավտոբուսների, միկրոավտոբուսների և տրոլեյբուսների ներդրումից հետո կանգառներն ավելանալո՞ւ են:

-Այս պահին Երևանում կա 800 կանգառ, և դրանք մոտավորապես 300-400-ով կավելանան:

- Այժմ Երևանում կա 50 էլեկտրոնային չվացուցակ: Առաջիկայում դրանք քանիսո՞վ ավելացնելու մտադրություն կա:

- Այն էլեկտրոնային չվացուցակները, որոնք այժմ առկա են քաղաքում, արդյունավետ չեն, քանի որ այս պահին մեր տրանսպորտային համակարգը չվացուցակով չի աշխատում: Նոր տրանսպորտային համակարգի շրջանակում կանգառներում ունենալու ենք համապատասխան չվացուցակներ: Այդպիսով, քաղաքացիները կկարողանան հասկանալ, թե երբ կմոտենա իրենց տրանսպորտային միջոցը: Գործող չվացուցակների հետ կապված՝ կան տեխնիկական խնդիրներ, և դրանք փոփոխվելու են, քանի որ պահպանումն ավելի ծախսատար կլինի, քան նորը ձեռք բերելը:

- Սայլակավոր հաշմանդամների և հատուկ կարիքներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսները մատչելի դարձնելու ծրագիրն ավարտվել է 2017 թվականին: Կարո՞ղ ենք, արդյոք, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոբուսները շահագործել:

- Մենք նախատեսում ենք Հայաստան բերել հատուկ հարմարեցված ավտոբուսներ, որոնք ցածր են, և սայլակով հաշմանդամություն ունեցող անձը կկարողանա ինքնուրույն մուտք գործել: Մնացած հարցերը դեռևս քննարկման փուլում են:

- Այժմ Երևանի մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան: Եվս երկուսը պետք է կառուցվի: Քանի՞ վագոն կավելացվի ներկայիս 45-ին:

- Երկու նոր կայարան ստեղծելու համար մենք դեռևս չունենք հաշվարկներ: Այժմ առկա է գաղափարը, որ ցանկանում ենք ունենալ մետրոյի կայարան, օրինակ, Աջափնյակ վարչական շրջանում: Հաշվարկները կկատարվեն ներդրողների կողմից, ինչից էլ պարզ կլինի, թե ինչպիսի ուղևորահոսք կլինի, ըստ դրա էլ կհաշվարկվի վագոնների քանակը:

- Տարեկան մոտավորապես քանի՞ մարդ է սպասարկում մետրոպոլիտենը:

- Այս պահին մետրոպոլիտենը սպասարկում է տարեկան 18 մլն ուղևորի:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում