Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բելառուսի խորհրդարանի ղեկավարը Հայաստանին առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը ներդրումների ոլորտում

Բելառուսի խորհրդարանի ղեկավարը Հայաստանին առաջարկել է ակտիվացնել 
համագործակցությունը ներդրումների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Բելառուսի Ազգային ժողովի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպում է ունեցել Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրա-տնտեսական, ներդրումային, հումանիտար ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ ինտեգրացիոն փոխգործակցությանը:

Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային ոլորտում ավելի արդյունավետ գործընկերության հաստատմամբ:

«Մենք պետք է ոչ թե ուղղակի առևտուր անենք միմյանց հետ, այլ ստեղծենք համատեղ ընկերություններ, որպեսզի մեր երկրների բիզնեսները ակտիվորեն աշխատեն միմյանց հետ: Առայժմ համատեղ ներդրումային նախագծերը քիչ են, իսկ այն ծրագրերը, որոնց շուրջ աշխատանքներ են տարվում, հիմնականում դանդաղ ընթացք ունեն: Հարկավոր է ավելի հստակ առաջ շարժվել, միգուցե, ոչ մեծ նախագծերի ճանապարհին այդ փորձը ձեռք բերենք»,- ասել է Մյասնիկովիչը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան բելառուսական MT3 և БелАЗ տեխնիկաների մատակարարման հետ կապված հարցեր, դիտարկվել են մեքենաշինական արտադրանքի համատեղ արտադրության հնարավորությունները՝ հետագայում երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար: Բացի այդ, քննարկվել են գիտության և ինովացիայի, դեղագործության, կրթության ոլորտներում փոխգործակցության հետ կապված հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել երկու երկրների երիտասարդների միջև կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ երիտասարդական պառլամենտարիզմի ուղղությամբ:

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Ինչպես ընդգծել է Արմեն Ղևոնդյանը, Հայաստանը շահագրգռված է Բելառուսի հետ խորհրդարանական կապերի ընդլայնմամբ:  Նրա խոսքով՝ դա նպաստում է միջպետական համագործակցության առաջընթացին: «Կարևոր է, որպեսզի մեր միջխորհրդարանական հանձնաժողովը շարունակի իր աշխատանքը, որը կանոնավոր բնույթ ունի: Կարևոր է նաև փոխգործակցությունը  միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում»,- ասել է դեսպանը:

Նա խոստացել է կապող օղակ հանդիսանալ այդ աշխատանքը կազմակերպելու հարցում:

Միխայիլ Մյասնիկովիչը իր հերթին հավելել է, որ բելառուսական կողմը միշտ բաց է յուրաքանչյուր հարց քննարկելու համար: «Մեր կողմից ամեն ինչով կաջակցենք, որ դեսպանի պաշտոնում Ձեր աշխատանքն արդյունավետ լինի»,- ընդգծել է նա:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am