Հասարակական

Վանեցյանը պարզաբանել է, թե որ ֆեյք-օգտատերերն են հայտնվելու իրենց ուշադրության կենտրոնում

3 րոպեի ընթերցում

Վանեցյանը պարզաբանել է, թե որ ֆեյք-օգտատերերն են հայտնվելու իրենց ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում ֆեյք-հաշիվ ունենալը յուրաքանչյուրի իրավունքն է, եթե այն չի տարածում տեղեկատվություն, որն իր մեջ հանցակազմ կպարունակի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով վերջին օրերին լայն հնչեղություն ստացած ֆեյք-օգտատերերին պատասխանատվության ենթարկելու հարցին:

«Մարդու անանուն հանդես գալն իր իրավունքներից մեկն է, որը խախտել որևէ մեկն իրավունք չունի: Այլ բան է, եթե այդ մարդը հանդես գալով այլ անձի տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որի մեջ պարունակվում է հանցակազմ»,- ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը արդեն ձերբակալված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք-էջի օգտատիրոջ մասին մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ամեն ինչ կհայտնեն հասարակությանը, երբ հնարավոր կլինի բացահայտել նախաքննության ընթացքում ստացված տվյալները:

Կառավարության ապրիլի 4-ի նիստին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ինչն ազգային անվտանգության խնդիր է: Նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարական էր տվել. «Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը: Սա կարմիր գիծ է, որը մենք չենք կարող անցնել»։

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել և ձերբակալել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք-էջի տակ թաքնված անձին, ով հետագայում կալանավորվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում