Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Վարչապետի համոզմամբ` իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար այժմ քաղաքական որևէ խոչընդոտ չկա

Վարչապետի համոզմամբ` իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար 
այժմ քաղաքական որևէ խոչընդոտ չկա

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բարձրագույն դատական խորհրդի գործունեության միամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն, մենք ժողովրդավարության, օրինականության հարցում իսկապես կարևոր փոփոխություններ ենք արձանագրում, բայց, որպեսզի այդ փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով երաշխավորվեն, հարկավոր է, որ դրանք ունենան ինստիտուցիոնալ երաշխիքներ, և այդ երաշխիքներից կարևորագույնը անկախ դատական համակարգն է»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այս արձանագրումը նորություն չէ. «Նորությունն այլ բանի մեջ է, որ մենք, ըստ էության, անկախության հռչակման առաջին օրից խոսել ենք անկախ դատական համակարգի մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը երկրում ապահովի արդարությունը, օրինականությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմներ: Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ես ուզում եմ խոսել այսօրվա և ապագայի մասին և ասել, որ երաշխավորում եմ, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է: Եվ այդ հարցը եղել է մեր օրակարգում առաջին օրից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը:

«Սա չափազանց կարևոր արձանագրում է, և ես ուզում եմ, որ մենք բոլորս այս արձանագրմանը լուրջ վերաբերվենք: Եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ գտնվեն մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք գործում են Հայաստանի կառավարության և ժողովրդի դեմ: Ես ուզում եմ սա հստակ արձանագրել, և շատ կարևոր է, որ Հայաստանի դատական համակարգը ի վիճակի լինի օգտվել այս հնարավորությունից: Սրա համար հարկավոր է, որ Հայաստանում լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը և պատրաստ են գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակներում»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այս համատեքստում կարևոր է դատական համակարգից կոռուպցիայի վերացումը: Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում որևէ կոռումպացված պաշտոնյա չի կարող հանգիստ քնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am