Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ուրախությունից կգոռամ երեւի. այսպես կարձագանքի Սրբուհի Սարգսյանը «Եվրատեսիլում» հաղթելու դեպքում

Ուրախությունից կգոռամ երեւի. այսպես կարձագանքի Սրբուհի Սարգսյանը 
«Եվրատեսիլում» հաղթելու դեպքում
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաեվրոպական երգի ամենամյա մրցույթին՝ «Եվրատեսիլին» մեկ ամիս է մնացել։ Մրցույթը կանցկացվի Թել Ավիվում, մայիսի 14-ին, 16-ին եւ 18-ին։ 
Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները։ Մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը՝ Սրբուհի Սարգսյանը (Սրբուկ) իր օրակարգի, անելիքների ու զգացողությունների մասին պատմեց «ՀՀ»-ին։

Կարճ ժամանակ անց Ձեզ կտեսնենք «Եվրատեսիլի» բեմին։ Ի՞նչ զգացողություններ ու հույզեր ունեք, հատկապես որ երկրորդ կիսաեզրափակիչում հանդես եք գալու առաջին համարի ներքո։
Իսկապես կարճ ժամանակ է մնացել, չափազանց կարճ (ժպտում է)։ Զգացողություններս ինչպես մրցույթի նախապատրաստական սկզբնական փուլում, այնպես էլ հիմա չափազանց խառն են։ Նույնիսկ հիմա ավելի եմ դժվարանում նկարագրել, թե ինչ եմ զգում ու որքան դժվար է միշտ կազմ-պատրաստ լինել՝ երգելու, պարելու, նկարահանվելու, հարցազրույց տալու համար։ Այս շարքն անվերջ է… Ինչ վերաբերում է առաջինը ելույթ ունենալուն, ապա դա վստահաբար ավելացնում է պատասխանատվության զգացումը։
Նախապատրաստական աշխատանքները ո՞ր փուլում են, ամբողջությամբ պատրա՞ստ եք արդեն մրցույթին։
Այժմ գտնվում եմ փրոմո—տուրերի շրջանում։ Նոր եմ վերադարձել Ամստերդամից, շուտով մեկնելու եմ Մադրիդ։ Զուգահեռաբար նախապատրաստվում ենք բեմական ելույթիս՝ անվերջ փորձեր, նկարահանումներ, էլի փորձեր՝ վոկալի, բեմական շարժուձեւի, հագուստի։
«Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական էջում «Walking out» տեսահոլովակը այս պահի դրությամբ ամենաշատ դիտումներ եւ հավանումներ ունեցողներից է։ Դա հաղթանակի համար կանխատեսումներ անելու հիմք տալի՞ս է։
«Եվրատեսիլում» ամեն ինչն է կարեւոր, սակայն գլխավորն այն երգն է, որով ներկայանալու ես եւ թե ինչպես ես կատարելու այն։ «Եվրատեսիլը» երգի մրցույթ է, որն իր շուրջը կարեւորում է նաեւ այլ բաղադրիչներ։ Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակի դիտումներին, ապա ինձ իրականում դա ուրախացնում է, որովհետեւ դա խոսում է այն մասին, որ երգը եւ տեսահոլովակի կոնցեպտը սիրվել են, իսկ դա հենց այն է, ինչ պետք է արտիստին։
Հասարակության շրջանում հաճախ է տեսակետ հնչում, թե «Եվրատեսիլն» ավելի շատ քաղաքականություն է, քան երգի մրցույթ։ Ոմանք անգամ առաջարկում են պարզապես չմասնակցել։ Դուք ի՞նչ եք կարծում։
Նման մտքերով ու տրամադրվածությամբ հաստատ չարժե գնալ մրցույթին մասնակցելու։ Ես գնում եմ երգի տոնի, նոր ծանոթություններ ձեռք բերելու, ներկայացնելու այն, ինչ սիրում եմ։ Մնացածը ցույց կտա ժամանակը։
Ո՞ր երկրի ներկայացուցչին եք համարում Ձեզ մրցակից եւ ինչո՞ւ։
Մրցակից են բոլոր մասնակիցները՝ առանց բացառության։ Բոլորն էլ ուժեղ են, տաղանդավոր։ Բոլորս էլ պայքարելու ենք առավելագույն լավ արդյունք ցույց տալու համար։
Ժամանակից առաջ ընկնելով, մի պահ պատկերացնենք՝ հաղթել եք...  Ինչ եք կարծում, ինչպե՞ս կարձագանքեք այդ լուրին։
Ուրախությունից կգոռամ երեւի։ Ու հաստատ կսկսեմ արագ—արագ խոսել, քանի որ զգացողություններս ու էմոցիաներս կխեղդեն ինձ։ Առաջ Աստված։
Կա՞ մրցույթին վերաբերող այնպիսի գաղտնիք կամ նորություն, որը կուզեիք կիսել մեր ընթերցողների հետ։
Սիրով կցանկանամ տեղեկացնել, որ շուտով իմ երկրպագուները հնարավորություն կունենան լսելու «Walking out» երգի դաշնամուրային քավրը, ինչպես նաեւ ռեմիքսը։ Հուսով եմ, որ նրանք կսիրեն նաեւ երգի նոր տարբերակները։ 
Ձեզ հրաշալի ելույթ եւ հաղթանակ ենք մաղթում։

Անչափ շնորհակալ եմ ջերմ արձագանքի համար։ Այն իսկապես ինձ ուժ է տալիս։

Թամարա Մուրադյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am