Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը կյանքի կկոչի միջազգային փորձաքննության եզրակացությունը. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի խնդրին

Կառավարությունը կյանքի կկոչի միջազգային փորձաքննության եզրակացությունը. 
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի խնդրին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեից 300 հազար դոլար գումար է հատկացրել միջազգային հեղինակավոր ընկերությանը Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին:

«Փորձաքննությունը տալու է մի հարցի պատասխան՝ արդյոք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավարելի ե՞ն, թե՞ կառավարելի չեն, ընդունելի ե՞ն, թե՞ ընդունելի չեն: Ես սա ասում եմ պարզ: Եթե եզրակացությունը կլինի բացասական, այսինքն՝ կասվի, որ այստեղ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ջրային համակարգի և Սևանա լճի համար, ուրեմն այդ ծրագիրն ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, այսինքն՝ կառավարելի են, ծրագիրը կաշխատի»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ խնդիրը մի փոքր ձգձգվել է: Նրա խոսքով խնդիրը ձգձգվել է նաև այն պատճառով, որ հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը, ըստ էության, հրաժարվել է համագործակցել կառավարության հետ: «Եթե դուք հիշում եք, ես գնացի Ջերմուկ, հավաքեցի բոլորին, ասացի, ժողովուրդ ջան, եկեք եռակողմ աշխատենք, որ գանք փաստերի վրա հիմնված եզրակացությունների: Իմ խնդիրը ի՞նչն է, որ ես չունեմ որևէ հենք, որի վրա որոշում կայացնեմ, որովհետև մեր մասնագետներն էլ են ընդունում, կառավարությունն էլ է ընդունում, բնապահպանության նախարարությունն էլ է ընդունում, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգում  կան բացեր, կան խոցեր: Ես հրավիրել եմ բնապահպանության նախարարին, հարց եմ տվել՝ հիմա այս ՇՄԱԳ-ը կա, Դուք անձամբ երաշխավորում ե՞ք, որ այն, ինչ այստեղ գրված է ճիշտ է, նա ասել է՝ ոչ, ես չեմ կարող երաշխավորել: Հետևաբար, առաջացել է անհրաժեշտություն հրավիրել փորձաքննություն, որը կլինի մեր գործելու հիմքը: Ես չեմ ուզում, չեմ կարող մոտավորապեսով կամ աչքաչափով որոշում կայացնել: Ինչ որ կլինի այդ եզրակացության մեջ, կառավարությունն այն կյանքի կկոչի»,- եզրափակեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]