Պաշտոնական

ՀՀ-ն և Բելգիան կզարգացնեն կրթական և գիտահետազոտական համագործակցությունը. վարչապետի այցի շրջանակում ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն և Բելգիան կզարգացնեն կրթական և գիտահետազոտական համագործակցությունը. վարչապետի այցի շրջանակում ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում: Կառավարության ղեկավարը մարտի 4-ին այցելել է Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվենի կրթական, գիտահետազոտական հաստատություններ: Այցի ավարտին ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության զարգացման վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետի ներկայությամբ նախ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի գլխավոր քարտուղար Ֆրեդի Էվանսը:

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև «IMEC» գիտահետազոտական կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջև: Այն ստորագրել են «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Հուշագրերի համաձայն՝ կողմերը համագործակցություն կծավալեն բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում փորձի փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում